Hurriyet Daily News. Անկարան եւ Բաքուն պատրաստ են լուծել Հայաստանի առնչությամբ քաղաքականության մեջ առկա տարաձայնությունները

PanARMENIAN.Net - Երեւում է, Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ են լուծել Հայաստանի առնչությամբ քաղաքականության մեջ երկու երկրների միջեւ առկա տարաձայնությունները եւ վերանայել պաշտոնական Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Այդ մասին ասվում է թուրքական Hurriyet Daily News թերթի վերլուծաբան Ֆուլյա Օզերքանի հոդվածում: «Չորեքշաբթի Իլհամ Ալիեւի` Անկարա կատարելիք այցի շրջանակներում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները կքննարկեն Կովկասում կայունության հաստատման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը: Թուրքիայի կողմից նման դիվանագիտական քայլը հաջորդել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից մոսկովյան հռչակագիրը ստորագրելուն, որում պարունակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը շարունակելու եւ ակտիվացնելու մտադրությունը»,- գրում է վերլուծաբանը եւ ավելացնում, որ Անկարայում Ալիեւի նշանակված այցը կբարձրացնի ղարաբաղյան հիկմնախնդրի լուծմանն ուղղված քաղաքական խորհրդատվությունների արդյունավետությունը:



Ինչպես նշվում է հոդվածում, վերջին ժամանակներս վերլուծաբանները Կովկասում մեծ նշանակություն են տալիս Թուրքիային: Մասնավորապես օգոստոսյան ճգնաժամի ժամանակ շատ վերլուծաբաններ մոտակա ամիսներին որոշակի առաջընթաց էին կանխատեսում հայ-թուրքական հարաբերություններում:



«Դա անակնկալ չի լինելու: Անկարան ցանկանում է, որպեսզի Հայաստանը դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից ու ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Հայաստանի ներկայիս կառավարությունը պատրաստ է նման փոխզիջման գնալ»,- գտնում է Կովկասի գծով Անկարայի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հասան Քանբոլաթը: Նա կարծում է, որ Մոսկվայում ստորագրված հռչակագիրը միայն արտացոլում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը եւ ընդգծում, որ «հակամարտությունը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով»:



Մեկ այլ փորձագետի` Միջազգային մարտավարական հետազոտությունների կազմակերպության նախագահ Սեդատ Լաչիների խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար արգելք է հանդիսանում Կովկասում, եւ ՌԴ նախաձեռնությունը բավական չէ հակամարտության վերջնական լուծման համար: «Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանա մարտահրավեր նետել Ռուսաստանին: Թուրքիան տարածաշրջանում յուրօրինակ հավասարակշռող է հանդիսանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ»,- նշել է Լաչիները: Նրա խոսքերով, Անկարան չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան գործընթացում այնքան ժամանակ, քանի դեռ պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---