Երևանը ցավակցել է Թեհրանին «բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի» կապակցությամբ

Երևանը ցավակցել է Թեհրանին «բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի» կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը:

ԱԳ նախարարները քննարկել են վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցել է Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության բնորոշմամբ, «Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ»:

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիզքաթափումը: Մնացականյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:

«Ղոդս» ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը հետևել է 2019-ի դեկտեմբերի 31-ին պրոիրանական ուժերի՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա գրոհին։ Այդ գրոհն արվել էր ի պատասխան ամերիկացիների կողմից պրոիրանական ուժերի ճամբարի հրթիռակոծմանը, որն, իր հերթին, հետևել էր Քրքուկի մերձակայքում իրաքյան ստորաբաժանումներից մեկի վրա հարձակմանը, որի ընթացքում սպանվել էր ամերիկացի։

Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Սոլեյմանիից բացի, սպանվել են պրոիրանական շիա «Ալ Խաշդ աշ-Շաաբի» խմբավորման մի քանի անդամ, այդ թվում՝ դրա ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսն, ում Պենտագոնը մեղադրում էր դեսպանատան վրա գրոհի կազմակերպման համար։

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերով հայտարարել է, որ Իրանն ու ԱՄՆ-ը ՀՀ համար բարեկամ երկրներ են։ «Մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ։ Մեր ուղերձը այն է, որ ԱՄՆ ու Իրանի մեր գործքնկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք էլ ավելի կվատթացրացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում ու միջազգային հարաբերություններում», - ասել է նա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---