Արա Պապյան. Անկարան զբաղվում է քաղաքական գովազդով, իսկ Երեւանը նրան այդ գործում ակտիվորեն օգնում է

Արա Պապյան. Անկարան զբաղվում է քաղաքական գովազդով, իսկ Երեւանը նրան այդ գործում ակտիվորեն օգնում է PanARMENIAN.Net - Հայաստանին անհրաժեշտ են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, բայց Թուրքիային դրանք կրկնակի են պետք, ուստի ես չեմ հասկանում Հայաստանում Թուրքիայի դեսպանի նշանակման շուրջ ծավալված այս աղմուկը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է պատմաբան եւ դիվանագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով, Անկարան զբաղվում է քաղաքական գովազդով, իսկ Երեւանը նրան այդ գործում ակտիվորեն օգնում է: «Դիվանագիտական կանոնադրությունը ենթադրում է պետության ղեկավարին տվյալ երկրի դեսպանի հավատարմագրերի պարտադիր հանձնում: Եթե դա չկա, ապա դեսպանը` տվյալ դեպքում Թուրքիայի, պարզապես հատուկ հանձնարարությունների գծով դեսպան կլինի, ինչը բոլորովին չի կարող նշանակել երկու երկրների միջեւ նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Մենք Ստամբուլում Հայաստանի ներկայացուցիչ ունենք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) մեջ, այնպես որ նրան նույնպես կարող ենք համարել հատուկ հանձնարարությունների գծով դեսպան»,- նշել է Պապյանը:



Նա նաեւ նկատել է, որ պետությունների համար դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հաղորդակցման միջոց է, եւ ոչ թե` նպատակ: «Ընդ որում, հայկական կողմը, չգիտես ինչու, դա առաջնային է համարում` «կանաչ լույս» տալով թուրքական նկրտումներին տարածաշրջանում եւ Եվրոպայում»,- ընդգծել է հայ պատմաբանը:



Արա Պապյանի խոսքերով, Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը հետախուզելու համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի պահանջը նախապայման է հանդիսանում, որին Հայաստանը չի կարող համաձայնել: «Նման հանձնաժողովին համաձայնելը հավասարազոր է նրան, որ Երեւանը կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանությունը, ինչն անթույլատրելի է ցանկացած հանգամանքներում: Այո, լավ կլինի, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, բայց բոլորը, չգիտես ինչու, մոռանում են, որ սահմանը հենց Անկարան է փակել, եւ նա էլ պիտի բացի, Երեւանն այստեղ կապ չունի»,- ասել է Պապյանը:



Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Ստամբուլում առաջարկեց առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման Հայաստանում Թուրքիայի դեսպան ուղարկել Երեւան: Ի պատասխան Հայաստանը պետք է համաձայնի 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---