«Հանուն արդարության շարժումը» Բարակ Օբամային կոչ է անում ԼՂՀ-ն բանակցային գործընթացի կողմ ճանաչել

PanARMENIAN.Net - Հայկական «Հանուն արդարության շարժումը» բաց նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային, որում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարին կոչ է անում աջակցել ԼՂՀ ժողովրդի խախտված իրավունքների վերականգնմանը եւ ԼՂՀ-ն բանակցային գործընթացի կողմ ճանաչել: Բարակ Օբամային ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ քաղաքական վերնախավը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան պատերազմից հետո հայտնվել է դիվանագիտական ծուղակում, ուստի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տարվող Մինսկի խմբի ձեւաչափով կամ այլ բանակցություններում հանդես է գալիս որպես Ադրբեջանի հետ հակամարտող կողմ: Իսկ դա միջազգային հանրության կողմից ընկալվում է, որ Ադրբեջանին հարեւան Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի մի մասը: Ելնելով այս իրավիճակից` Ադրբեջանը հանդես է գալիս որպես պահանջատեր Հայաստանի կողմից «ագրեսիայի» հանդեպ: Այս դեպքում է, որ առաջնային է համարվում ագրեսիայի ենթարկված երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը: Դա էլ Ադրբեջանին հնարավորություն է տալիս ռազմատենչ հայտարարություններ անել, սպառնալ Հայաստանին պատերազմով, ազդել միջազգային հասարակական կարծիքի վրա: Որպես ստեղծված իրավիճակի արդյունք` հետեւում են ՄԱԿ-ի ոչ հայանպաստ որոշումները, հայկական կողմի դիվանագիտական խնդիրները: Ադրբեջանը հաշվարկել էր, որ եթե որպես հակամարտող ու բանակցող կողմ ընդունվի ԼՂՀ-ն, ապա հենց ըստ ՄԱԿ-ի խարտիայի 1-ին հոդվածի 2-րդ կետի` «Հավասար իրավունքները եւ ինքնորոշումը ամենահիմնական սկզբունքն են» դրույթի` ինքը, ռազմական պարտությունից բացի, դիվանագիտական լուրջ պարտություն է կրելու: Այս դեպքում է, որ ինքնորոշվող ժողովուրդը (ԼՂ ժողովուրդը) կարող է որոշել, թե ինքնորոշման դեպքերից (ա. անկախ պետության ստեղծում, բ. միացում անկախ պետությանը, գ. այլ քաղաքական կարգավիճակ) որն է ցանկանում ընտրել: Ինքնորոշման իրավունքը գերակայում է նաեւ 1966 թ. դեկտեմբերին ընդունված ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոնվենցիայի քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքի 1-ին հոդվածի 1-ին կետով: 1975 թ. օգոստոսի 1-ի Հելսինկիի ԵԱՀԽ խորհրդաժողովի վերջնական ակտի «գլխավոր գրացուցակը» որպես 8-րդ սկզբունք հաստատեց «հավասար իրավունքներ եւ ինքնորոշման իրավունք բոլոր ժողովուրդների համար»` ավելացնելով, որ «ժողովուրդների ազատ ինքնորոշումը կենսականորեն անհրաժեշտ խնդիր է եւ չի կարող սահմանափակվել միայն երրորդ աշխարհի գաղութային տարածքներով, այլ վերաբերում է նաեւ Եվրոպային»: Փաստորեն, ազատ ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի համընդհանուր կանոն է: Այս ամենը հաշվի առնելով է, որ Ադրբեջանն ու Թուրքիան դուրս են մղել ԼՂՀ-ին բանակցային գործընթացից, որպես հակամարտող կողմ Լեռնային Ղարաբաղի փոխարեն ներգրավել Հայաստանի Հանրապետությանը»,- ասվում է նամակում:



Ուղերձում նաեւ նշվում է, որ ՀՀ-ն պետք է հանդես գա միայն որպես ԼՂ խնդրի կարգավորման միջնորդ եւ վտանգի ենթարկված իր ժողովրդի մի հատվածի անվտանգության ապահովման հովանավոր, միջազգային ատյաններում որպես բանակցող կողմ ճանաչել տալ ԼՂՀ իշխանություններին: 1988 թ. ղարաբաղյան ազատագրական շարժումը նպատակ ուներ բողոքների, հանրահավաքների միջոցով իր խնդիրը հասցնել Կրեմլին, միջազգային հանրությանը, սահմանադրական ճանապարհով հասնել իր նպատակին` դուրս գալ Ադրբեջանի կազմից: 1990 թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի` «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ընդունած օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, որը թույլ է տալիս միութենական հանրապետությանը դուրս գալ ԽՍՀՄ կազմից, եւ ինքնավար կազմավորումներին դուրս գալ միութենական հանրապետության կազմից, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ելնելով օրենքի պահանջներից, 1991 թ. դեկտեմբերի 19-ին հանրաքվե է անցկացրել եւ ինքնորոշվել: Ադրբեջանի քաղաքական վերնախավը, զգալով, որ այս դեպքում ինքը տանուլ է տալիս, որոշեց դրան հակազդել բռնի ուժի գործադրմամբ ու ահաբեկումով: Հետեւեցին Սումգայիթի, Գանձակ-Կիրովաբադի, Բաքվի, ողջ Գարդմանքի (Հյուսիսային Ղարաբաղի) հայերի նկատմամբ ջարդերը, Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու այն գրոհայինների, ներքին զորքերի խիստ օղակի մեջ առնելը: ԼՂ-ն պարտադրված էր ինքնապաշտպանության բանակ ստեղծել, որին էլ հաջողվեց հաղթել թվաքանակով եւ զինանոցով զգալիորեն գերազանցող ադրբեջանական բանակին, ազատագրել իր տարածքները, ոչնչացնել կրակակետերը, ուղղել ռազմաճակատի գիծը, ստեղծել անվտանգության գոտի: Այդ գոտին արդեն 14 տարի է, ինչ ապահովում է խաղաղությունը տարածաշրջանում:



Ադրբեջանը պատերազմել է Լեռնային Ղարաբաղի դեմ, իսկ եթե պատերազմում, կռվում ես մեկի դեմ, ուրեմն եւ ընդունում, ճանաչում ես նրան որպես հակամարտող կողմ: Եթե Ադրբեջանը պարտվել է իր իսկ սանձազերծած պատերազմում, այդ դեռ իրավունք չի տալիս հրաժարվել հակառակորդ կողմի հետ բանակցելուց: Իսկ եթե որպես բանակցող կողմ մերժվում է ԼՂՀ ներկայությունը, ապա այդ բանակցությունները երբեք ոչ մի արդյունքի չեն հասնելու: Սա է իրականությունը: «Ի վերջո, չպետք է մոռանալ, որ զինադադարը կնքել են Ադրբեջանի եւ ԼՂՀ ներկայացուցիչները, քանի որ իրականում միմյանց դեմ պատերազմում էին այդ երկրները: Սկզբնական շրջանում բանակցող կողմ էր ընդունվում ԼՂՀ-ն: Սակայն շուտով այն, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ երկրների մեղքով, դուրս մղվեց, բոլորը ընդառաջ գնացին Ադրբեջանի ցանկությանը: Դրան հետեւեցին հայկական կողմի դիվանագիտական պարտությունները: Եվ ահա Մոսկովյան եռակողմ հանդիպման ընթացքում կրկին անտեսվել էր Լեռնային Ղարաբաղի` որպես սուբյեկտ հանդես գալու իրավունքը: Դեռ ավելին, աստիճանաբար բանակցող կողմ է ներքաշվում Թուրքիան, որը բացահայտորեն ադրբեջանական կողմ է հանդիսանում:



Միջազգային ատյաններում հաճախ են դատապարտում Լենինի ու Ստալինի ազգային քաղաքականությունը, անարդարացի բաժանումները, դրա հետ միասին ատամներով պաշտպանում նրանց իսկ գծած սահմանները:



Հանուն արդարության շարժումը կոչ է անում Ձեզ նպաստել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչել որպես բանակցող կողմ»,- նշվում է «Հանուն արդարության շարժման» բաց նամակում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---