Թուրք մտավորականության` Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրած ներկայացուցիչներին արդեն սկսել են սպառնալ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ագոս» թերթի աշխատակիցները շատ լավ ծանոթ են թուրք մտավորականության ներկայացուցիչների հետ, որոնք վերջերս հանդես եկան մի հայտարարությամբ, որում ներողություն են խնդրել հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար եւ պահանջել, որպեսզի թուրքական կառավարությունը նույն կերպ վարվի: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է «Ագոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Նրա խոսքերով, այդ հայտարարության նախաձեռնողները պատրաստվում էին հրապարակել այն 2009թ. հունվարի 1-ին, բայց ինչ-որ կերպ այդ տեղեկատվությունը ընկել է մամուլի ձեռքը: «Հանրագրի նախաձեռնողները մտադրված էին ներկայացնել դա այն ժամանակ, երբ դրա տակ լինեին բազմաթիվ ստորագրություններ, որպեսզի Թուրքիայի հասարակությունն ու իշխանությունները տեսնեին, որ իրենց դիրքորոշման կողմնակիցներն իսկապես շատ են: Այնուամենայնիվ, նրանք կշարունակեն իրենց ակցիան եւ Թուրքիայում ստորագրությունների հավաք կկազմակերպեն, որը կավարտվի 2009թ. վերջին»,- հայտնել է հայ-թուրքական «Ագոս» թերթի հայկական բաժնի խմբագիրը` ավելացնելով, որ այդ մարդիկ ներկայացնում են Հայոց ցեղասպանության իրենց սեփական գնահատականները եւ ոչ մեկին չեն պարտադրում իրենց կարծիքը:



Ինչպես հաղորդել է Բագրատ Էստուկյանը, մամուլում համապատասխան տեղեկատվության հրապարակումից մի քանի օր անց հայտարարությունը ստորագրած թուրք մտավորականության ներկայացուցիչների հասցեին սկսել են անպատվություններ եւ սպառնալիքներ ուղարկել:



Հիշեցնենք, որ թուրք մտավորականության ներկայացուցիչները անձամբ ներողություն են խնդրել «մեծ դժբախտության համար, որը բաժին է հասել հայերին Օսմանյան կայսրությունում 1915թ.» եւ պահանջել են, որպեսզի նույն կերպ վարվի նաեւ թուրքական կառավարությունը: Թուրքիայի իշխանություններին ուղղված դիմումը ստորագրել են պրոֆեսորներ Բաշքան Օրանը եւ Ահմետ Ինսելը, լրագրողներ Ալի Բայրամօղլուն եւ Չենգիզ Աքթարը:



Նախաձեռնող խումբը մտադրված է թուրքական հասարակությանը կոչ անել ստորագրելու այդ հանրագրի տակ, որում ասվում է. «Ես չեմ կարող համաձայնել Օսմանյան կայսրությունում հայերին բաժին հասած այդ աղետի հանդեպ անտարբերության եւ դրա ժխտման հետ: Ես հրաժարվում են անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի ցավը եւ հայցում նրանց ներողամտությունը»:



Քարոզչության կազմակերպիչները թուրքական մտավորականությանը կոչ են անում ստորագրել այդ դիմումը եւ մտադրված են ստորագրություններ հավաքելու համար web-էջ բացել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---