Համակարգչային հմտություններ՝ 50+ անձանց. «Ռոստելեկոմի» «Ազբուկա ինտերնետա»-ի հերթական փուլն է

Համակարգչային հմտություններ՝ 50+ անձանց. «Ռոստելեկոմի» «Ազբուկա ինտերնետա»-ի հերթական փուլն է

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին «Ռոստելեկոմն» ազդարարել է «Ազբուկա ինտերնետա» նախագծի նոր փուլի մեկնարկը։

Նախագիծն իրենից ներկայացնում է միջին տարիքի (50+) և տարեց բնակչության շրջանում համակարգչային դասընթացների շարք, որը մշակված է նրանց համար և ընդգրկում է համակարգչային գրագիտության կարևորագույն բաժինները՝ սարքավորումների կառուցվածքից մինչև առցանց ռեսուրսների կիրառում։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նախագծի մանրամասները, ձևավորվել են խմբեր, ինչպես նաև մասնակիցները ծանոթացել են կամավոր-դասընթացավարների հետ։

«Ազբուկա ինտերնետա» նախագիծը Հայաստանում իրականացվում է հայաստանյան «Ռոստելեկոմի» նախաձեռնությամբ։ Գործընկերներն են «Այբ» դպրոցը, որի կամավոր-աշակերտները աջակցում են մասնակիցներին՝ ձեռք բերելու տարատեսակ համակարգչային հմտություններ, և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, որտեղ գտնվող ՍՄԱՐԹ կենտրոնի՝ տեխնիկապես հագեցած լսարաններում էլ անցկացվում են դասընթացները։

«Արդեն 5-րդ տարին է՝ անցկացնում ենք «Ազբուկա ինտերնետա» նախագիծը Հայաստանում, և յուրաքանչյուր տարվա արդյունքներն ու բնակչության ակտիվ մասնակցությունը փաստում են, որ նախագիծն իրոք անհրաժեշտություն է։ Ուրախալի է, որ «Ազբուկա ինտերնետա» նախագիծը կապող «կամուրջ» է դառնում սերունդների միջև, և երկու կողմերն էլ կարողանում են հնարավորինս շատ գիտելիքներ և փորձ փոխանցել միմյանց»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հանդիպմանը հրավիրված էին նաև «Ազբուկա ինտերնետա» նախագծի նախորդ տարվա մասնակիցները, ովքեր կիսվել են նախագծի վերաբերյալ իրենց տպավորություններով և փորձով՝ ոգևորելով և մեծ եռանդ փոխանցելով նորեկներին։

«Ես կցանկանայի թեթևացնել այն անհանգստությունը, որը հիմա կա շատերի ներսում։ Այստեղ շատ ջերմ և հոգատար մթնոլորտ է ստեղծվում, և ինչպես մենք էինք մեր թոռնիկների ձեռքից բռնած տանում նրանց կյանքի ուղիով, որ չսայթաքեն, այնպես էլ այս կամավորներն են մեզ մեծ ուշադրությամբ ուղեկցում դեպի համակարգչի և ինտերնետի աշխարհ»,- նշել է «Ազբուկա ինտերնետա» նախագիծի 2019-ի մասնակից Գեորգի Շարխաթունյանը։

Դասընթացները կտևեն 4 շաբաթ, իսկ ավարտին մասնակիցներին և կամավոր-դասընթացավարներին կշնորհվեն հավաստագրեր։

«Ազբուկա ինտերնետա» դասընթացներն անցկացվում են հայերեն լեզվով՝ հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում անցած ձեռնարկի օգնությամբ, որի էլեկտրոնային տարբերակն առկա է նաև նախագծի կայքում:

Հայաստանում «Ազբուկա ինտերնետա» նախագծն իրականացվում է 2015-ից։ Այս ընթացքում դասընթացների շնորհիվ մոտ 300 մասնակից Երևանից և մարզերից ձեռք է բերել համակարգչային հմտություններ և ստացել իրեն հուզող հարցերի պատասխանները։

«Ազբուկա ինտերնետա» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով մատուցում է տեղեկատվություն նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների վերաբերյալ։

Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---