Իտալիայում կորոնավիրուսի պատճառով բանտերից ազատում են մաֆիայի պարագլուխներին

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով բանտերից ազատում են մաֆիայի պարագլուխներին

PanARMENIAN.Net - Իտալիայում մաֆիայի տասնյակ պարագլուխներ են ազատվել բանտերից կորոնավիրուսով վարակվելու վտանգի պատճառով։

Դատարաններն արդեն առնվազն 3 տարեց հանցագործի խափանման միջոց են փոխել՝ տնային կալանք սահմանելով նրանց համար։

Միլանում դատավորը կարգադրել է ազատել «Կոզա Նոստրայի» ազդեցիկ պարագլուխներից մեկին՝ 78-ամյա Ֆրանչեսկո Բոնուրային, որը 23-ամյա ազատազրկման է դատապարտված։ Բոնուրան տնային կալանքի տակ կլինի, բայց նրան կթույլատրվի բժշկի այցելել, գրում է BBC-ն։

Բանտից ազատվել է նաև 65-ամյա Վինչենցինո Յանացոն և 72-ամյա Սանտո Ֆիլիպոնեն։ Բժիշկները մտավախություն ունեին, որ վարակը կարող է մահաբեր լինել Ֆիլիպոնեի համար, քանի որ նա սրտանոթային լուրջ խնդիրներ ունի։

Ըստ Իտալիայի ուղղիչ հաստատությունների աշխատակիցների խոշորագույն արհմիության գլխավոր քարտուղար Լեո Բենեդուչիի` երկրի բանտերում մաֆիոզ կազմակերպությունների մոտ 12,000 կալանավոր կա։ Աշխատակիցները հայտնում են, որ կալանավորները սկսել են գրկախառնվել՝ վիրուսով վարակվելու և բանտից դուրս գալու համար։

Իտալական բանտերում 70-ից բարձր մաֆիայի 74 պարագլուխ կա՝ շատերը լուրջ հիվանդություններով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---