Չինաստանի ուսումնասիրումը դրական ազդեցություն կունենա նաեւ հայ պետականության զարգացման վրա

PanARMENIAN.Net - Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դերը համաշխարհային քաղաքականության մեջ գնալով կաճի: Այդ մասին գրում է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը PanARMENIAN.Net ի ստացած «Չինաստան եւ ԱՄՆ. Փոխհարաբերությունների հեռանկարները համաշխարհային քաղաքականության նոր կառուցվածքի համատեքստում» հոդվածում: Ըստ քաղաքագետի, Չինաստանն արդեն իսկ բեւեռ է համաշխարհային քաղաքականության մեջ եւ նրա դիրքերը էապես ամրապնդվեցին աշխարհի ռազմավարական տեսակետից կարեւոր տարածաշրջաններում, մասնավորապես, Հարավ-Արեւելյան Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում:



«Ի դեպ, վերջերս Պեկինը ակտիվացել է նաեւ մեր տարածաշրջանում: Այդ տեսակետից չափազանց կարեւոր են հայ-չինական հարաբերությունների վերջին միտումները: Այս համատեքստում կցանկանայի նշել ՉԺՀ ղեկավարի հայտարարությունը Հայաստան այցելելու մտադրության մասին: Ընդհանրապես, գիտաքաղաքագիտական հանրությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի Չինաստանի պատմության, քաղաքականության եւ տնտեսության ուսումնասիրությանը: Ցավոք, այս ուղղությամբ մենք բացթողում ունենք: Բացի այդ, առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանում պետության կառուցման հոգեբանությունն ու փիլիսոփայությունը: Այս համատեքստում կցանկանայի առանձնացնել դեռեւս 1990-ականներին չինական բարեփոխումների պատրիարք եւ ականավոր պետական գործիչ Դեն Սյաոպինի մշակված այսպես կոչված «24 իրավիճակների» ռազմավարությունը, որն իրենից ներկայացնում է երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության վարման դրույթներ: Այնտեղ նշված են հետեւյալ սկզբունքները` անվրդով հետեւեք այն ամենին, ինչ կատարվում է, պաշտպանեք ձեր դիրքերը, խնդիրները լուծեք լուռ եւ հանգիստ, թաքցրեք ձեր հնարավորություններն ու սպասեք, թե երբ կգա ձեր ժամանակը, հմտորեն համեստ դեր կատարեք, երբեք առաջատար լիենլու պահանջներ մի ներկայացրեք: Որդեգրելով այս քաղաքականությունը` Չինաստանն ոչ միայն սկսեց բուռն զարգանալ, այլ նաեւ դարձավ մոլորակի ուժեղագույն պետություններից մեկը: Կարծում եմ, որ Չինաստանի ուսումնասիրումը չափազանց դրական ազդեցություն կթողնի նաեւ հայկական պետականության զարգացման վրա»,-ընդգծում է Բաբայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---