«Քամուց քշվածները» հեռացրել են HBO Max-ից ռասիզմի պատճառով

«Քամուց քշվածները» հեռացրել են HBO Max-ից ռասիզմի պատճառով

PanARMENIAN.Net - HBO Max սթրիմինգային հարթակը ժամանակավորապես հանել է բաց հասանելիությունից «Քամուց քշվածները» ֆիլմը։

Հարթակի ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշումը կայացվել է ֆիլմում առկա «որոշ ռասայական և էթնիկ նախապաշարումների պատճառով, որոնք, ցավոք, տարածված երևույթ են եղել ամերիկյան հասարակության շրջանում» 1939-ին, երբ ֆիլմը նկարահանվել է, գրում է «Վեդոմոստին»՝ The Hollywood Reporter-ին հղումով։

HBO-ն խոստացել է, որ ավելի ուշ ֆիլմը կվերադարձվի հարթակ, սակայն «պատմական բովանդակության քննարկման և այդ պատկերների պախարակման» զուգորդությամբ։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ֆիլմում փոփոխություններ չեն կատարվի։

Ֆիլմը հարթակից հեռացնելու որոշման վրա ազդել է սցենարիստ Ջոն Ռիդլիի նամակը, որը «Օսկար» է ստացել «12 տարվա ստրկություն» ֆիլմի սցենարի համար։ Նա քննադատել է «Քամուց քշվածները» ֆիլմը և կոչ արել HBO Max-ին հեռացնել ֆիլմը հասանելի կոնտենտից, քանի որ այն «հավերժացնում է այլ գույնի մաշկով մարդկանց ամենացավոտ կարծրատիպերը»։

ԱՄՆ-ում մայիսի վերջից շարունակվում են բողոքի ցույցերն ու համազգային ակցիաները ռասիզմի և ոստիկանության դաժան գործողությունների դեմ։ Այդ ֆոնին Paramount Network հեռուստաալիքը հրաժարվել է «Ոստիկանները» (Cops) սերիալի ցուցադրությունից։ Բացի այդ, տարբեր ազգությունների մասին կատակների պատճառով BBC-ն հեռացրել է իր տեսածառայություններից Little Britain կատակերգական շոուն, որը նկարահանվել է դեռևս 2003-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---