Իոաննիսյան. Ընտրելու տարիքը գուցե 18-ից իջեցվի, ԱԺ-ում կայուն մեծամասնությունից հրաժարվելու ենք

Իոաննիսյան. Ընտրելու տարիքը գուցե 18-ից իջեցվի, ԱԺ-ում կայուն մեծամասնությունից հրաժարվելու ենք

PanARMENIAN.Net - Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը երկու հարցով ձևավորված դիրքորոշում ունի, մեկը խորհրդարանական հանրապետություն ունենալն է, մյուսը՝ կայուն մեծամասնության մեխանիզմից հրաժարվելը, մյուս հարցերը դեռ քննարկման փուլում են, հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:

«Ներկայիս Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը ենթադրում են, որ ընտրությունների արդյունքում խորհրդարանն ունենալու է կայուն մեծամասնություն, ըստ այդմ՝ Կառավարության ձևավորման խնդիրներ չեն լինում: Այժմ քննարկման հարց է, թե եթե հրաժարվում ենք կայուն մեծամասնության երաշխավորումից, ինչպես է ձևավորվելու Կառավարությունը»,- նշել է նա:

Իոաննիսյանը հայտնել է նաև, որ ընտրական իրավունքի և իշխանության ձևավորման հետ կապված մի շարք հարցեր կան, որոնք հանձնաժողովի օրակարգում են, դրանք վերաբերում են ընտրելու իրավունքի տարիքին, հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմին, հանրաքվեների մեխանիզմին:

Ըստ Իոաննիսյանի՝ ընտրական տարիքի վերաբերյալ քննարկվում է երեք հնարավոր սցենար. մեկը՝ թողնել այնպես, ինչպես կա՝ 18 տարեկան, մյուսը, որ ընտրելու տարիքն իջեցվում է մինչև 16 կամ 17 տարեկան, իսկ ըստ երրորդ սցենարի՝ ազատություն է տրվում օրենսդիր մարմնին՝ որոշելու՝ որ ընտրություններում ինչ տարիքային շեմ սահմանվի:

Նրա խոսքով՝ Հայաստանի մասով պետք է հաշվի առնել, որ երկրում 16 տարեկանից սկսած քաղաքացուն տրվում է ընտանիք կազմելու, աշխատելու և հարկեր վճարելու, հավաքների մասնակցելու իրավունք, սակայն ոչ ընտրելու:

ՀՀ-ում 2020-ի ապրիլի 4-ին նախատեսվում էր անցկացնել Սահմանադրական հանրաքվե, այն կորոնավիրուսի համավարակի պատճառով չանցկացվեց: Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը 2020-ի փետրվարի վերջից է սկսել նիստեր գումարել :

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---