Բարենպաստ հանգամանքների դեպքում Հայաստանը կարող է փոխել Հարավային Կովկասի պատկերը

PanARMENIAN.Net - Օգոստոսյան պատերազմը Հարավային Օսեթիայում որակապես փոխեց իրավիճակը Կովկասում: Եթե նայենք քաղաքական տեսակետից, ապա վրաց-հարավօսական հակամարտությունից հետո ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հիմնական եւ առաջնային խնդիրն էր գործընկեր երկիր գտնել տարածաշրջանում եւ այնպիսի հարաբերություններ հաստատել նրա հետ, որոնք չեն բերի այնպիսի վախճանի, ինչպես Վրաստանի դեպքում: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:



«Այսօր արդեն գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասը գրավիչ է ոչ միայն Վաշինգտոնի ու Բրյուսելի, այլ առաջին հերթին Մոսկվայի համար»,-ասել է Բեքարյանը` հավելելով, որ տարածաշրջանում իրադարձությունների արագ զարգացման եւս մեկ խթան հանդիսացավ Հայաստանի նախագահի «ֆուտբոլային դիվանագիտությունը» եւ Թուրքիայի նախագահի այցը Երեւան: «Այս երկու իրադարձություններից հետո ակնհայտ դարձավ, որ համաշխարհային տերությունները կաշխատեն իրենց կողմը քաշել Հարավային Կովկասի երկրներին: Դրա վկայությունն են Հայաստանի նախագահի եւ հայկական պատվիրակության բազմաթիվ հանդիպումները Դավոսում ու Մյնուխենում: Պետք է նաեւ հստակեցնել, որ այդ հանդիպումների մեծ մասը անց է կացվել եվրոպական երկրների նախաձեռնությամբ ու ցանկությամբ»,-ասել է հայ փորձագետը:



Նրա խոսքերով, պետք է ուշադրություն դարձնել նաեւ Սերժ Սարգսյանի ելույթին Մյունխենում, հատկապես, ելույթի թեմային: «Ելույթի թեման տարածաշրջանային բնույթ էր կրում: Հայաստանի նախագահը բազմիցս է ընդգծել կայունության, անվտանգության եւ վստահության հաստատման անհրաժեշտությունը տարածաշրջանում, այն, որ տարածաշրջանի որոշ երկրներ մեկուսացնում են Հայաստանին տարածաշրջանային նախագծերից, Կովկասում բաժանարար գծերի վերացման, համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին»,-ասել է Բեքարյանը` հավելելով, որ եթե Հայաստանին հաջողվի համատեղել նախաձեռնող արտաքին քաղաքականությունը երկրում ընթացող բարեփոխումների հետ, ապա դա կարող է փոխել Հարավային Կովկասի պատկերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---