Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը վնասում է Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին

PanARMENIAN.Net - Չեխիայում ընթացող այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Չեխիայի արտգործնախարար, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ Կարել Շվարցենբերգի հետ: Հանդիպման օրակարգում էին երկկողմ համագործակցությանը, Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:



Բարձր գնահատելով վերջերս հայ չեխական հարաբերությունների զարգացման միտումները` նախարարներ Նալբանդյանն ու Շվարցենբերգը նշեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը` որպես փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու կարեւոր հանգամանք:



Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին առեւտրատնտեսական փոխգործակցության խորացման ուղիներին: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ 2008 թ. հուլիսին Երեւանում տեղի ունեցած հայ-չեխական գործարար համաժողովի արդյունքները վկայում են տնտեսության բնագավառում փոխգործակցության խորացման կարեւոր ներուժի առկայության մասին:



Բանակցությունների ընթացքում մանրամասն քննարվեցին նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության տարբեր բնագավառները: Կարել Շվարցենբերգը նշեց, որ մինչեւ մայիսին Պրահայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը, Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ նախագահությունը կոնկրետ առաջարկություններ կմշակեն այդ ուղղությամբ: Նախարար Նալբանդյանը, ողջունելով «Արեւելյան գործընկերության» առաջարկը, կարեւորեց այդ նախաձեռնությամբ ընձեռնվելիք համագործակցության խորացումը եւ ոլորտների ընդլայնումը:



Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Չեխիայի արտգործնախարարի հետ քննարկեց նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վրա, ընգծելով, որ դա վնասում է Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ԵՄ քայլերին:



Հայաստանի եւ Չեխիայի արտգործնախարարներն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին: Կարել Շվարցենբերգը ԵՄ անունից աջակցություն հայտնեց այդ ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---