ԱԳՆ. Խաղաղ գործընթացին առնչվող հարցերը կարող են քննարկվել միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

ԱԳՆ. Խաղաղ գործընթացին առնչվող հարցերը կարող են քննարկվել միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ժան-Իվ Լը Դրիանի հետ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի:

Նշվում է, որ զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ:

Նախարար Մնացականյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և հենց այս ձևաչափում է, որ լիարժեքորեն հասցեագրվելու են արցախահայության շահերը:

Որպես առաջնահերթություն՝ ԱԳ նախարարը շեշտել է Արցախի կարգավիճակի և արցախահայության համապարփակ անվտանգության լիարժեք երաշխավորման անհրաժեշտությունը:

Ըստ Մնացականյանի՝ նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը հաջորդած հայտարարությունն ուղղված է հրադադարի հաստատմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը, և չի կարող համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում:

«ՀՀ ԱԳ նախարարը հստակ ընդգծեց Արցախում իրականացվելիք խաղաղապահ գործողություններում Թուրքիայի որևէ դերակատարության բացառումը՝ չնայած այդ ուղղությամբ վերջինիս կողմից ձեռնարկվող քայլերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նա նաև խորը մտահոգություն է հայտնել Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագրի առնչությամբ: Նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից ցուցաբերված բարբարոսական վերաբերմունքի մասին, որի հետևանքով թե Նախիջևանում, թե բուն Ադրբեջանի տարածքում և թե Արցախի՝ առաջին արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հիմնովին ոչնչացվել են հայկական ժառանգության կոթողները:

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի լույս 10-ի գիշերը հրապարակված հայտարարության, ՀՀ-ն Ադրբեջանին վերադարձնում է Քելբաջարի շրջանը (Քարվաճառ) մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---