Արման Փաշիկյանը բաց թողեց իր հաջողությունը «Aeroflot Open 2009» վերջին փուլում

PanARMENIAN.Net - Մոսկվայում փետրվարի 16-27 անցկացվող «Aeroflot Open 2009» ութերորդ միջազգային բաց շախմատային փառատոնի 9-րդ եւ վերջին փուլում Հայաստանի գործող չեմպիոն, գրոսմայստեր Արման Փաշիկյանը, պարտություն կրելով ֆրանսիացի Էտյեն Բակրոտից, նրան զիջեց իր չեմպիոնական տիտղոսը: Նշենք, որ Փաշիկյանը վերջին փուլից առաջ միանձնյա գլխավորում էր A1 խմբի (2549-ից բարձր վարկանիշով մասնակիցների) մրցաշարային սանդղակը եւ նրան վերջին փուլում բավական էր ոչ ոքի ավարտել խաղը` A1 առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:



Հայաստանի մնացած ներկայացուցիչներից A1 առաջնությունում հաղթանակ տարավ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Հայ շախմատիստների բոլոր մնացած հանդիպումները նրանց համար անարդյունք ելք ունեցան:



Այդպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն արձանագրեց Արման Փաշիկյանը, որը 6 միավորով 9-րդ տեղը գրավեց A1 մրացաշարային սանդղակում: Դրեզդենյան օլիմպիադայի լավագույն շախմատիստ Գաբրիել Սարգսյանը 5,5 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը: Գրոսմայստեր Զավեն Անդրեասյանն ավարտեց իր ելույթները սանդղակի 20-րդ հորիզոնականում: A1 առաջնության հաղթող ճանաչվեցին ֆրանսիացի եւ ուկրաինացի գրոսմայստերներ Էտյեն Բակրոտն ու Ալեքսանդր Մոիսեենկոն, որոնք 6,5-ական միավոր էին հավաքել:



A2 առաջնությունում նույնպես ի հայտ եկան երկու հաղթողներ` հայ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) եւ ռուս Ալեքսանդր Դանինը, որոնք 7-ական միավոր էին հավաքել:



Նշենք, որ A1 առաջնությունում առաջին տեղը նվաճած շախմատիստը ստանալու էր 21 000 եվրո, A2 առաջնության հաղթողը` 9 000 եվրո, B առաջնության հաղթողը` 3 500 եվրո եւ C առաջնության չեմպիոնը` 2 000 եվրո: Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 180 000 եվրո: A1 առաջնության հաղթողը ստանում է 21 000 եվրո եւ հուլիսին Դորտմունդում կայանալիք սուպերառաջնությանը մասնակցելու իրավունք:



Այսօր կկայանա աշխարհի բլիցի առաջնության նախընտրական մրցարշավը, որի 6 հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու աշխարհի առաջնության եզրափակչին, որը տեղի կունենա նոյեմբերին Մեմորիալ Տալի ժամանակ: A1 եւ A2 առաջնությունների մասնակիցները, ինչպես նաեւ B եւ C առաջնությունների երեք հաղթողները կկարողանան անվճար մասնակցել նախընտրական փուլում: Բլիցառաջնությունն անցկացվում է շվեյցարական համակարգով (9 փուլ` երկուական հանդիպումներով): Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 40 000 եվրո: Առաջնության հաղթողը կստանա 10 000 եվրո:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---