Թուրքիան փորձում է ազատվել քրդական խնդրից Լեռնային Ղարաբաղի հաշվի՞ն

PanARMENIAN.Net - «Շուշի» բարեգործական ֆոնդի ղեկավար Բակուր Կարապետյանը բաց նամակ է հղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան) եւ Մեթյու Բրայզային (ԱՄՆ): Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ինը տարի առաջ մի խումբ շահումյանցիների հետ Գյուլիստանի Սուրբ Անապատ ուխտի էինք գնացել: Ադրբեջանա-ղարաբաղյան հրադադարի սահմանագլխին ադրբեջանական կողմից մեր ուղղությամբ հրազենից կրակահերթեր բաց թողեցին: Հետո պարզվեց, որ կրակողները ոչ թե սահմանապահներ են եղել, այլ Շահումյանի շրջանի զավթված հայկական գյուղերում հաստատված չեչեն գրոհայիններ: Այդ մասին աշխարհի ԶԼՄ-ները համապատասխան հաղորդագրություններ տպագրեցին: Ադրբեջանական հատուկ ծառայությունները չեչեն գրոհայիններին տեղակայել էին հայերից գրաված տարածքներում, որպեսզի ահաբեկչական պատերազմ սկսեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Քանի որ գաղտնիքը բացահայտվել էր, ադրբեջանական իշխանությունները նրանց ստիպված էին շտապ ետ` իրենց երկիրն ուղարկել: Եվ ահա ինը տարի անց ես նորից եմ ուխտավորների հետ նույն վայրը գնացել: Ու կրկին կրակոցներ արձակեցին մեր ուղղությամբ: Ձյան մեջ պարզորեն երեւացին ավտոմատավոր մարդիկ: Նրանք զինվորներ չէին: Սակայն, ինչպես երեւում էր, կրակ բացելու թույլտվություն, գուցե եւ հրահանգ ունեին: Ետ վերադառնալով` ես սկսեցի ադրբեջանական, թուրքական ԶԼՄ-ում տվյալներ հավաքել բռնազավթած Շահումյանում, ԼՂՀ հարակից շրջաններում տեղակայված գրոհայինների մասին: «Ենի մուսավաթ», «Զերկալո», «Կավկազսկիյ ուզել» եւ այլ թերթեր, «Դեյ.ազ», «Իսլամնյուս», «Կավկազ.ՄԵՄՕ» ինտերնետային պարբերականները հաղորդում են, որ վերջին երկու տարիներին Թուրքիայից Ադրբեջան են տեղափոխվել եւ հրադադարի սահմանամերձ շրջաններում բնակություն հաստատել քրդական զինյալ ջոկատայինները` իրենց ընտանիքների հետ: Ըստ տեղեկատվության` վերջին անգամ արձանագրվել է 2008-ի դեկտեմբերի 16-ին 16 ավտոբուսներով կազմված շարասյան` Թուրքիայի Դիարբեքիրի, Էրզրումի, Բայազետի շրջաններից իրենց ընտանիքներով քուրդ գրոհայիների տեղակայումը ադրբեջանական Գյոյ-գյոլի, Գերանբոյի, Շամքորի, Դաշքեսանի, Թովուզի, Աղջեբադի շրջաններում»:



«Ուսումնասիրությունները վկայում են, որ Ադրբեջանի բնակիչները, չնայած իրենց երկրի նախագահի ու պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարություններին, համառորեն խուսափում են հրադադարի սահմանին մերձակա շրջաններում բնակվել: Ուստի եւ Բաքվի ու Անկարայի իշխանությունները որոշել են դա անել Թուրքիայի քուրդ զինյալների միջոցով: Թուրք քաղաքագետները հիմա ամեն ինչ անում են քրդերի ուշադրությունը Թուրքիայից շեղելու դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստանի Հանրապետություն: Անշուշտ, դա անմտություն է, քանի որ Թուրքիայի արեւելքում պայքարում է 20 միլիոնանոց քուրդ ժողովուրդը: Իսկ ադրբեջանական հատուկ ծառայությունների հավաքագրած զինյալ ջոկատները ոչ միայն կապ չունեն Քրդական բանվորական կուսակցության ու քուրդ ժողովրդի ապստամբության հետ, այլ թուրքական իշխանությունների հրահրմամբ կռվում են քուրդ ապստամբ ուժերի դեմ: Հայտնի է, որ 1915-23 թթ. ցեղասպանության միջոցով «լուծելով» հայկական հարցը` թուրքերը դրա փոխարեն վաստակեցին ոչ պակաս բարդ խնդիր` քրդական հարցը: Այժմ թուրք քաղաքագետներին թվում է, թե գտել են ելքը: Իսկ Ադրբեջանի իշխանություններին մի՞թե չի մտահոգում, որ քրդերը բոլոր դեպքերում լավ են գիտակցում, որ մի օր էլ զենքը հենց նրանց դեմ կուղղեն: Թե՞ Իլհամ Ալիեւն իր հույսը կապել է իր տոհմի քրդական արմատների հետ: Բայց եւ քրդերը հազիվ թե մոռանան, թե ինչպես էր նրա հայրը խորհրդային տարիներին նպաստում Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի եւ Ջեբրայիլի քրդերին «ադրբեջանցի» սարքելուն, կորստյան մատնում քրդական դարավոր մշակույթը, պատմությունը»:



«Անշուշտ, Ադրբեջանում կան ուժեր, որոնք դեմ են իշխանությունների այս բավականին ավանտյուրիստական ձեռնարկին: Նրանք իրենց թերթերում ու կայքէջերում հրապարակումներ են տեղադրում, ձգտում վտանգի մասին զգուշացնել իշխանություններին, քաղաքակիրթ աշխարհին»,- նշում է Բակուր Կարապետյանը: Նա հույս է հայտնում, որ քաղաքակիրթ աշխարհն իր հերթին թույլ չի տա, որ կրկին բորբոքվի Ադրբեջան-Ղարաբաղ պատերազմը, կկանխի Թուրքիայից ահաբեկչության տեղափոխումը Հարավային Կովկաս: «Միեւնույն ժամանակ պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, միջազգային համապատասխան կառույցներից քայլեր ձեռնարկել ահաբեկչության նոր օջախների առաջացումը կանխելու, ԼՂՀ եւ ՀՀ անվտանգությունը ապահովելու համար»,- ընդգծվում է նամակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---