Թուրքիայի բնակչությունը բոլորից շատ վստահում է բանակին, բոլորից քիչ` քաղաքական գործիչներին

PanARMENIAN.Net - Երկրի 25 քաղաքում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ թուրքերը, ինչպես եւ նախկինում, բոլորից շատ վստահում են բանակին: Թուրքիայում ազդեցիկ այդ կառույցի նկատմամբ վստահությունը կազմում է 8,3 բալ եւ վերջին չորս տարվա ընթացքում գրեթե փոփոխություն չի կրել (2004 թվականին` 8,2 բալ):



Թուրքիայում ամենաքիչ հեղինակությունն ունեն քաղաքական գործիչները: Անցած տարվա արդյունքում նրանք 2,9 բալ գնահատական են ստացել: Նրանց համար փոքր-ինչ բարենպաստ էր 2004 թվականը`3,4 բալ, նշվում է հիմնադրամի հետազոտության մեջ:



Թուրքիայի հասարակությունում վստահության աստիճանով նախավերջին տեղն են զբաղեցնում ԶԼՄ-ները`3,8 բալ անցած տարվա արդյունքում, 2004 թվականի 4,7 բալի համեմատությամբ:



Հետազոտության տվյալներով, թուրքերին առավելապես մտահոգում են տնտեսական խնդիրները: Հարցումը ցույց է տվել, որ հարցման մասնակիցների 39 տոկոսը 70 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար գլխավոր խնդիրը համարում է գործազրկությունը, 20 տոկոսը` տնտեսական անկայունությունը, եւ հետազոտության նույնքան մասնակիցները` սղաճն ու ապրուստի թանկությունը:



Չորս տարին մեկ անգամ անցկացվող հարցումը նաեւ ցույց է տվել, որ մասնակիցների գրեթե կեսը (49 տոկոսը) չի հավատում, որ 2009 թվականին Թուրքիայում կհաջողվի քաղաքական կայունություն հաստատել: Քաղաքական իրավիճակի բարելավման հնարավորության մասին հաղորդել է հարցման մասնակիցների 31 տոկոսը: Հարցմանը մասնակցել է 2040 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Մարտի 29-ին Թուրքիայում կկայանան տեղական իշխանության մարմինների ընտրությունները: Այս ընտրությունների ֆավորիտն է հանդիսանում Արդարության եւ զարգացման կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Արդարության եւ զարգացման կուսակցությունն իշխանության գլուխ է կանգնած 2002 թվականից: 2007 թվականին այն հաղթել է վերջին խորհրդարանական ընտրություններում` հավաքելով ընտրողների ձայների 46,7 տոկոսը եւ կազմավորելով մեկ կուսակցությունից կազմված կառավարություն: Էրդողանի կաբինետում ԱԳՆ նախկին ղեկավար Աբդուլահ Գյուլը նույն թվականի օգոստոսին ընտրվել էր Թուրքիայի նախագահ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---