Հայաստանը ևս չի խուսափել PS5-ի դեֆիցիտից

Հայաստանը ևս չի խուսափել PS5-ի դեֆիցիտից

PanARMENIAN.Net - Պետրոս Մաթևոսյանն ու ընկերը մարտի 4-ին խանութներից մեկից աշխատանքային ժամը սկսելուց 10 րոպե հետո գնել են նույն օրը վաճառքի հանված վերջին PlayStation 5-ը։ Երևանյան խանութներում Sony-ի արտադրանքից առայժմ գնել հնարավոր չէ, Հայաստան մատակարարված 150 հատը սպառվել է նույն օրը։

«Մի հոգու եմ տեսել խանութում, ում վաճառել են PS5։ Ես ու ընկերս առավոտյան 10։10-ից այնդեղ էինք։ Ընկերոջս համար էինք գնում, ով ամբողջ գիշեր չէր քնել։ Մենք կանխիկ չէինք վերցնելու, հարցրի, ասացին՝ մեկ հատ կա, խնդրեցի պահեն, որ ավարտենք բանկի հետ մեր գործարքը։ Ի դեպ, այդ ընթացքում զգուշացրին, որ վաճառքը հնարավոր է նաև օնլայն ու պետք է հասցնենք այդ թղթաբանությունը կատարել։ Հուրախություն ընկերոջս՝ հասցրինք։ Ես հետաքրքրվեցի երկրորդի մասին, բայց ասացին, որ էլ չկա»,- ասում է Պետրոսը՝ հավելելով, որ վաճառքը, ամենայն հավանականությամբ, օնլայն էլ է եղել։

2020-ի նոյեմբերին թողարկված PlayStation 5-ը շատ արագ սպառվել է ամբողջ աշխարհում, իսկ 2021-ի մարտի 4-ից՝ րոպեների ընթացքում նաև Հայաստանում։ Խաղային համակարգի սիրահարներն ասում են՝ Հայաստան ներմուծված 150 PlayStation 5-ն արագ սպառվել է միանգամից մի քանիսը գնած ու հիմա դրանք մի քանի անգամ ավելի թանկ վերավաճառող մարդկանց պատճառով։ Այժմ List.am-ում PS5-ն առաջարկում են գնել մոտ 430,000 դրամով, ինչը մոտ 120,000 դրամով թանկ է վաճառքի գնից։

Նա նշում է, որ ընկերոջը հենց տեղում իր ծանոթներից մեկն առաջարկել էր կանխիկ 450,000 դրամով ձեռք բերել, բայց չի համաձայնել․ «ինքը մի քիչ ֆանատիկ ա»:

Պետրոսն ասում է՝ հետաքրքրվել է՝ նորը քիչ է տարբերվում PS4-ից։ Ավելի ուշ խանութներից մեկից իրեն ասել են՝ մոտ մեկ ամսից կարող է նոր խմբաքանակ բերվել, այնպես որ «անիմաստ աժիոտաժ է»։

Հայաստանյան խոշոր խանութներից մեկում՝ Zigzag-ում PanARMENIAN.Net ին պատմեցին PlayStation 5-ի վաճառքի իրենց փորձի մասին ու բացառեցին մեծածախ վաճառքի տարբերակը։

«Վաճառքը խիստ կանոններով ենք իրականացրել, այն նաև վերահսկվում է Sony ընկերության կողմից, քանի որ վերավաճառողների կողմից, մինչ ապրանքի պաշտոնական մոդելի մուտքը ՀՀ, չարաշահումներ են եղել ու մի քանի անգամ բարձր գներով են վաճառքն իրականացրել։ Այժմ ընկերության արտադրությունը չի հասցնում բավարար քանակի PlayStation 5 մատակարարել։ Մենք առաջին պաշտոնական վաճառքի համար ունենք շատ սահմանափակ քանակ։ Մինչ դա նախավաճառք չի եղել, այն բացառված էր, քանի որ չարաշահումների տեղիք կարող էր տալ։ Վաճառքը հայտարարել ենք մարտի 4-ին և մեկական օրինակով՝ մեկ հաճախորդ, մեկ խաղային համակարգ պայմանով»,- նշեց ընկերության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ առավոտյան վաճառասրահները բացվել են ժամը 10-ին, 9-ից հերթերի կուտակում կար։

«Համաձայն պայմանի՝ վաճառվել է մեկական օրինակ․ նույնիսկ բացառել ենք ու հնարավորություն ենք ունեցել ստուգելու մեկ հաճախորդի՝ տարբեր վաճառասրահներ այցելելը։ Նրանք ֆիզիկապես անգամ չէին հասցնի մի խանութից մյուսը գնալ, իսկ հերթում սպասողներից շատերը չկարողացան գնում անել։ Ի վերջո, նաև մեր շահերից էր բխում մեծածախ վաճառք չիրականացնելը, քանի որ այս պարագայում ավելի մեծ թվով հաճախորդներ են գոհ մնում, իսկ դա ավելի կարևոր է մեզ համար»,- հայտնեցին Zigzag-ից։

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին՝ ամբողջ աշխարհում խաղային համակարգը վաճառքի առումով ռեկորդ է սահմանել։ Թողարկման առաջին 5 շաբաթում Sony-ն 3․75 մլն օրինակ է վաճառել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---