Սերգեյ Լավրովը հերթական անգամ Բաքվին բացատրել է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք չի փոխանցել

PanARMENIAN.Net - «Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք. Ռուսաստանը Գյումրու 102-րդ ռազմակայանից Հայաստանին զենք եւ ռազմական տեխնիկա չի փոխանցել, ինչպես այս մասին հայտարարվել էր 2009թ. հունվարի 8-ի Ադրբեջանի էլեկտրոնային ԶԼՄ կողմից: Ցավում ենք, որ այդ հրապարակումը, որ ոչ այլ բան է, քան տեղեկատվական դիվերսիա, այդպես հեշտությամբ իր «հասցեատերերին» գտավ Ադրբեջանում: Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա որեւէ լրացուցիչ հետազոտություններ կատարելու, քանի որ դիվանագիտական ուղիներով ռուսական կողմի կատարած բոլոր հայտարարությունները հիմնված են փաստերի եւ ռուսական ռազմական հրամանատարության` կասկածի տեղիք չտվող եզրակացությունների վրա»,- հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա ընդգծել է, որ ՌԴ-ին հասկանալի է ադրբեջանական կողմի ուշադիր վերաբերմունքը այդ թեմայի հանդեպ` հաշվի առնելով Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերություններում առկա բարդ իրադրությունը: «Միեւնույն ժամանակ մենք համոզված ենք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխադարձ վստահության բավականաչափ պաշար ունեն, որպեսզի նման կեղծումները չկարողանան խանգարել ռազմավարական գործընկերությանը»,- ասել է ռուսական ԱԳՆ ղեկավարը:



Հայաստանին «զենքի մակատարարման» մասին տեղեկատվությունը տարածել էր Bakiliar.AZ գործակալությունը` վկայակոչելով ANS TV-ն: Այդ հաղորդագրության համաձայն, «ՌԴ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Պետրունինը հաստատել է Հայաստանին 800 մլն դոլարի ռազմական տեխնիկայի փոխանցման փաստը: Ըստ Պետրունինի, խոսքը միջպետական համաձայնագրի շրջանակներում իրականացված փոխանցման մասին է»:



Այս «տեղեկատվությունը» հերքել են ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունը, այնպես էլ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը: Հունվարի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մի նոտա հղեց, որում հերքեց այդ «տեղեկատվությունը» եւ նշեց, որ «զենքի փոխանցման» մասին հարցը սպառված է: «Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ին, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հայկական կողմին 2008թ. սպառազինություն եւ զենք չի փոխանցել եւ չի վաճառել... Նշված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որ բացահայտ հակառուսական բնույթ ունի եւ չի նպաստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների դրական զարգացմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ նոտայում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---