ՀՀ ղեկավար. Վերջին մի քանի տարիների ընթացքում Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ կապերը զգալիորեն ամրապնդվել են

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Շնորհակալություն հայտնելով դեսպանին` համատեղ աշխատանքի համար, Հանրապետության նախագահը նրա գործունեության քառամյա տարիները հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացման տեսակետից գնահատել է արդյունավետ եւ հագեցած բարձր մակարդակի շփումներով:



Ըստ Սերժ Սարգսյանի, զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է տնտեսական գործակցության շրջանակը, ամրապնդվել են մշակութային կապերը:



Ռեւազ Գաչեչիլաձեն իր հերթին ասել է, որ դիվանագիտական գործունեության ողջ ընթացքում շատ մոտ է եղել ժողովրդին, շփվել տարբեր ոլորտներ ներկայացնող մարդկանց հետ եւ Հայաստանից մեկնում է պարտքը կատարածի զգացողությամբ ու անմոռանալի տպավորություններով: Երկրի ղեկավարը հաջողություն է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում եւ նշել, որ ի դեմս նրա` Հայաստանը ձեռք է բերել հայ-վրացական հարաբերությունների ջերմ բարեկամի, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---