Փաշինյանը՝ Զարիֆին․ Իրադրությունը բավականին լարված է՝ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է հեռանան ՀՀ-ից

Փաշինյանը՝ Զարիֆին․ Իրադրությունը բավականին լարված է՝ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է հեռանան ՀՀ-ից

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը, ներկայացնելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, այն բնութագրել է բավականին լարված և շեշտել է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները պետք է հեռանան ՀՀ տարածքից:

«Դուք տեղյակ եք, որ վերջին շրջանում որոշակի լարում ունենք Ադրբեջանի հետ սահմանին: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի հատվածներում ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը: Մեր դիրքորոշումը միանշանակ է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է հեռանան մեր տարածքից: Եվ մենք սրա համար առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական ջանքեր ենք գործադրում, նաև այն պատճառով, որ ՀԱՊԿ մեր գործընկերները հենց առաջին օրերից հորդորում են մեզ, որպեսզի փորձենք հարցը լուծել առաջին հերթին դիվանագիտական-քաղաքական ճանապարհով։

Տեղյակ եք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն՝ ռազմական գործողությունները մեր երկրի տարածքում կնշանակի, որ պատերազմի մեջ ներքաշվում են նաև ՀԱՊԿ մյուս երկրները։ Իհարկե մեր ցանկությունն է նաև, որ հարցը լուծվի դիվանագիտական-քաղաքական ճանապարհներով։ Ցավոք, կարող եմ արձանագրել, որ այս իրավիճակում երեկ արդեն մենք ունեցանք զոհ։ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից արձակված հրազենային կրակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող։ Այնպես որ, իրադրությունը բավականին լարված է և այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի ծանոթանանք նաև իրավիճակի հաղթահարման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներին»,-ասել է Փաշինյանը։

Նշելով Իրանի հետ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը՝ Փաշինյանն ասել է, որ անկախության առաջին տարիներից Իրանի հետ սահմանն ապահովել է ՀՀ անվտանգությունը մի շարք առումներով:

«Ուրախ եմ արձանագրել, որ Իրանում նույնպես այդպիսի ընկալում կա մեր հարևանության և հարաբերությունների վերաբերյալ: Երկար տարիներ մեր տնտեսական կապերը զարգացել են, հատկապես Սյունիքի մարզում միշտ առկա է եղել ընդհանուր ծրագրերի շատ մեծ հետաքրքրություն: Մենք Մեղրիում ազատ տնտեսական գոտի ենք ստեղծել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու համար: Մի շարք հանգամանքների, այդ թվում՝ կորոնավիրուսի պատճառով այդ ազատ տնտեսական գոտին դեռ բավարար թափ չի ստացել, բայց համոզված ենք, որ դա կարող է դառնալ մի շատ կարևոր հենման կետ՝ մեր հարաբերությունների տնտեսական հատվածի հետագա զարգացման համար:

Մենք իհարկե հետաքրքրված ենք նաև, նախկինում էլ քննարկել ենք մեր քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու հարցը: Անվտանգային ոլորտում նույնպես քննարկումներ ունենք, օրակարգում առկա են որոշակի հարցեր, և մեր խոսակցությունների ու քննարկումների բնույթը ռազմավարական է»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է ջանքեր գործադրել հաջողության հասնելու համար:

Մինչ ՀՀ ժամանելը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցով Ադրբեջանու էր։ Նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և «կոմունիկացիոն միջանցքները»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---