Տոկիոյի Օլիմպիադան սկսվում է. Բացումը՝ Երևանի ժամանակով 15։00-ին

Տոկիոյի Օլիմպիադան սկսվում է. Բացումը՝ Երևանի ժամանակով 15։00-ին

PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին մեկնարկում են Տոկիոյի Օլիմպիական խաղերը, բացումը` Երևանի ժամանակով 15։00-ին է։

Բացման արարողությունը կանցնի առանց հանդիսատեսի։ Ներկա կլինի 950 պաշտոնյա։ Ճապոնիայի 126-րդ կայսր Նարուհիտոն կմասնակցի օլիմպիական խաղերի բացման արարողությանը և պաշտոնապես կհայտարարի մեկնարկի մասին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա կգտնվի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը:

Դրա մանրամասները հայտնի չեն: Նույնիսկ հայտնի չէ, թե ով է վառելու օլիմպիական կրակը:

Յուրաքանչյուր երկիր կունենա երկու դրոշակակիր՝ մեկական կին և տղամարդ։ Դա ՄՕԿ-ի նորամուծությունն է: Հայաստանի դրոշակակիրներն են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Խաղերին Հայաստանից մասնակցում է 17 մարզիկ՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Մինչդեռ Տոկիոյում՝ քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել Օլիմպիադայի անցկացման դեմ՝ No, no Olympic կարգախոսով։ Ցուցարարները համարում են, որ գումարը պետք է ուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին, ոչ թե Օլիմպիադայի անցկացմանը։

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի աճ է գրանցվում։ Հուլիսի 22-ին մոտ 2000 նոր դեպք է եղել։ Հուլիսի 12-ից Օլիմպիադային ընդառաջ Տոկիոյում արտակարգ իրավիճակի ռեժիմ է գործում։

Կորոնավիրուսով պայմանավորված որոշվել է հրաժարվել ֆան-գոտիներից, մեծ էկրաններով դիտումներից և այլ միջոցառումներից։

2020-ին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---