Դեսպան․ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում ՀՀ հայտը, բայց ՀՀ-ի հետ ռազմական նույն ալյանսի անդամ չէ

Դեսպան․ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում ՀՀ հայտը, բայց ՀՀ-ի հետ ռազմական նույն ալյանսի անդամ չէ

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը,, «Ազատությանը» տված հարցազրույցում 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ում առաջացած անվտանգային խնդիրներին, ասել է, որ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը, բայց Ֆրանսիան և ՀՀ-ն միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։

Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»,-ասել է նա։

Խոսելով Երասխում սրացման մասին ֆեյսբուքյան իր անդրադարձի մասին՝ դեսպանն ասել է, որ այդ գրառմամբ 2 բան էր ցանկանում արտահայտել։ Նախևառաջ, ցանկանում էր նկարագրել մի իրողություն, որը հետևյալն էր` երկուշաբթիից երեքշաբթի գիշերը՝ գիշերը ժամը 2-ին, բոլորն օնլայն էին, ոչ ոք եք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում, Հայաստանում։

«Երկրորդ ուղերձը համերաշխության ուղերձն էր։ Ցանկանում էի ինձ հետևող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանություններն ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը միաժամանակ խորհրդանշական և ռազմավարական վայր է։ Ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին»,-ասել է Լաքոտը։

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցին ՀՀ՝ դեսպանն ասել է, որ այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի։ «Իսկ օգտակար պահը այն է, երբ այն թույլ կտա տարածաշրջանում առաջ մղել քաղաքական գործընթաց, օգնել Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել խնդրահարույց հարցերի շուրջ։ Այսպիսով, այցի ամսաթվերն ու պարամետրերը կորոշվեն ըստ այդ նպատակի»,-ասել է նա։

Նա չի ժխտել, որ այցը, հավանաբար, տարածաշրջանային կլինի։ «Տրամաբանական կլինի, որ նախագահ Մակրոնը խոսի տարածաշրջանի բոլոր ղեկավարների հետ։ Մենք հնարավորություն ունենք խոսել բոլոր կողմերի հետ և ապահովել միջնորդի դերը, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացին»,-ասել է նա։

Ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, անդրադառնալով իրավիճակի սրմանը Երասխում, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․«Երբ Երասխ|ը չի կարող քնել, Երևան|ը նույնպես արթուն է մնում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---