Կարո Մուրատ. Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ մտադիր եմ պաշտպանել մայիսին

PanARMENIAN.Net - Գերմիջին կարգում (76,2 կգ) Եվրոպայի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Կարո Մուրատը (Կարեն Մուրադյան), որ հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, 14 տարվա մեջ առաջին անգամ այցելել է հայրենիք: Կարոյի խոսքերով, նա իր եղբայրների հետ, որ նույնպես բռնցքամարտիկներ են, եկել է տեսակցելու իր հարազատներին:



«Մենք ժամանել ենք Հայաստան տեսնելու համար մեր պապիկին ու տատիկին, որոնք ապրում են Էջմիածնում: Մենք այստեղ երկու շաբաթ անցկացրեցինք եւ վաղը մեկնում ենք Գերմանիա: Մինչ Հայաստան գալը ես մտադիր էի հետս աշխարհի չեմպիոնի գոտին բերել, որ ցույց տամ իմ արդյունքներն իմ ժողովրդին, բայց չստացվեց: Իմ հաջորդ այցը դեռ չեմ ծրագրում, սակայն կարծում եմ, որ դա կլինի արդեն աշխարհի չեմպիոնի տիտղոսով»,-ասել է Եվրոպայի չեմպիոնը:



Նա նաեւ պատմել է բռնցքամարտով զբաղվելու պատճառների մասին: «Իմ ընտանիքը Գերմանիա տեղափոխվեց 1995թ.: 1997-ին ավագ եղբորս` Հովհաննեսի նախաձեռնությամբ ես ու մյուս եղբայրս սկսեցինք զբաղվել բռնցքամարտով: Ես հանդես էի գալիս սիրողական ռինգում եւ ավելի քան 120 մենամարտ անցկացրեցի, իսկ մասնագիտական բռնցքամարտում ելույթ ունեցա 2006թ., լուծելով քաղաքացիության հարցերը: Անցյալ տարի նվաճեցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Միավորներով հաղթանակը ինձ շնորհեցին: Անցած ամիս Սանավիայի հետ ռեվանշում ես պաշտպանեցի իմ տիտղոսը»,-պատմել է Կարոն:



«Թուրքերի հետ ես ունեցել եմ մենամարտեր, սակայն միշտ հաղթել եմ նոկաուտով: Սա, անշուշտ, կատակ է: Իսկ եթե լուրջ, իմ մենամարտերը միշտ անցել են լավ մթնոլորտում եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի եղել,-ասել է Կարոն: -Դեռեւս ինձ համար կարեւորը Եվրոպայի չեմպիոնի իմ տիտղոսի պաշտպանությունն է: Տարեկան ես պետք է երեք անգամ պաշտպանեմ իմ տիտղոսը: Երկրորդ մենամարտը տեղի կունենա մայիսին, հակառակորդը դեռեւս հայտնի չէ: Նրան կընտրի իմ մարզիչը` Ուլի Վեգները»,-ասել է բռնցքամարտիկը:



Կարո Մուրատը գերմանական «Sauerland Event» փրոմոութերական ընկերության անդամ է, նրան մարզում է Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները: 25-ամյա բռնցքամարտիկը 19 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, որոնցից 12-ն ավարտել է նոկաուտով: Կարոն երկու եղբայր ունի, որոնք եւս բռնցքամարտիկներ են: Ավագը, Հովհաննես Մուրադյանը 28 տարեկան է, նա սիրողական մակարդակով է զբաղվում սպորտով, միջին եղբայրը` Կոկոն (Գրիգոր Մուրադյան) Կարոյից մեծ 1 տարով: Նա միջին քաշի կատեգորիայի բռնցքամարտիկ է եւ նորեկ է պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---