ՀՀ և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները

ՀՀ և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիայի Ազգային ժողովի ղեկավար Ռիշար Ֆեռանը Փարիզում հանդիպմանը հանգամանորեն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օրեր առաջ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, ինչի հետևանքով կան զոհեր, գերեվարված հայ զինծառայողներ և անհետ կորածներ:

Սիմոնյանը նշել է, որ վերջին հարձակումը ՀՀ տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել 2021-ի մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափացմամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ սա հարձակում էր նաև ժողովրդավարության վրա: Գործընկերների քննարկման առանցքում են եղել 44-օրյա պատերազմին հաջորդած իրադարձությունները, Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերները:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, արցախահայ փախստականների իրավունքների, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերում իշխանության տարբեր թևերի ղեկավարների, ինչպես նաև հանրային գործիչների ցուցաբերած մեծ ուշադրության համար:

Նա հատկանշական է համարել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2020թ. դեկտեմբերի 3-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Եվրոպայի և Արևելքի քրիստոնեական համայնքների և հայ ժողովրդի պաշտպանության մասին» բանաձևը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունած բանաձևերը կարևոր հանգրվան են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորման և այդ գործընթացում Ֆրանսիայի ակտիվ դերակատարման ամրապնդման համար: Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի բարեկամը՝ անկախ աշխարհագրորեն հեռու լինելուց:

Կողմերը գոհունակությամբ փաստել են միջխորհրդարանական համագործակցության ամրությունը՝ դրանց շարունակական զարգացման գործում առանձնացնելով Հայաստանի և Ֆրանսիայի օրենսդիր մարմինների բարեկամության խմբերի դերը: Հանդիպման ավարտին գործընկերներն ընդգծել են համատեղ ջանքերի կարևորությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականության և ընդլայնման գործում:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով: Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցելու է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվելիք «Հայաստանը մեկ տարի անց» խորագիրը կրող համաժողովին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---