Բարաք Օբաման առաջարկել է Դենիել Ֆրիդին փոխարինել Ֆիլիպ Գորդոնով

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում, որը մինչ այդ զբաղեցնում էր Դենիել Ֆրիդը, առաջադրել է Ֆիլիպ Գորդոնի թեկնածությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Ամերիկայի հայկական համագումարից (ԱՀՀ-ի), ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում կայացած լսումների ժամանակ սենատոր Ռոբերտ Մենենդեսը մի շարք հարցեր է տվել Բրուքինգի համալսարանի դասախոս, ԱՄՆ արտաքին քաղաքականության մասնագետ Ֆիլիպ Գորդոնին, ով 2007 թվականի նոյեմբերին հրապարակված հոդվածում մատնանշել է ԱՄՆ-ի համար Թուրքիայի կարեւորությունը եւ կասկածի ենթարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը: Մասնավորապես, Մենենդեսը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ օտար պետությունը փորձում է խանգարել ԱՄՆ ներքին քաղաքականությանը, այդ թվում նաեւ Կոնգրեսի գործունեությանը: «Հատկապես մտահոգություն է հարուցում այն փաստը, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու մտադրություն ունեցող մարդիկ փորձում են նպաստել դրան», - նշել է նա: «Դուք խոսում եք հավասարակշռության անհրաժեշտության մասին, եւ ես ձեզ հետ միանգամայն համաձայն եմ: Ես նաեւ համաձայն եմ, որ ԱՄՆ-ը, Կոնգրեսը եւ քաղաքացիները, այդ թվում նաեւ Թուրքիայի, պետք է խոստովանեն, որ մեծ ողբերգություն է տեղի ունեցել, որ ավելի քան 1,5 միլիոն մարդ արտաքսվել է իր տնից եւ սպանվել: Մարդիկ պետք է ընդունեն դա եւ հարգեն այդ ողբերգության զոհերի հիշատակը: Եվ այդպիսի հավասարակշռություն անհրաժեշտ է ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Թուրքիայում», - հայտարարել է Ֆիլիպ Գորդոնը:



«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հստակ հայտարարել են, որ ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Համագումարը հույս ունի, որ եթե նրանց խոսքերը հաստատվեն, ապա Ֆիլիպ Գորդոնը նույնպես կկիսի այդ դիրքորոշումը: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչները պետք է վաղուց տեղյակ լինեին Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությանն ու հանգիստ խոսերին այդ մասին», - հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:



Ռոբերտ Մենենդեսն աջակցում է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բացի այդ, Մենենդեսն արգելափակել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության առաջադրումը Սենատի կողմից, այն բանի համար, որ վերջինս հրաժարվել էր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն անվանել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---