Big data և AI՝ բոլորի համար. Hexact-ը հասանելի է դարձնում Google-ի տվյալների «պահեստը»

Big data և AI՝ բոլորի համար. Hexact-ը հասանելի է դարձնում Google-ի տվյալների «պահեստը»

PanARMENIAN.Net - Ապագան արդեն եկել է, կամ, եթե դեռ ոչ, ապա արդեն ճանապարհին է և մոտենում է շատ արագ: Hexact ընկերության նորարարությունը բոլորի համար հասանելի է դարձնում big data-ն և արհեստական բանականությունը (AI):

PanARMENIAN.Net ը պատմում է Hexact-ի՝ տեխնոլոգիաների աշխարհում բեկումնային նոր ռազմավարության մասին, որով ընկերությունը նշանավորեց իր աշխատանքի 3-րդ տարին։

Ստարտափն իր 40,000-ից ավելի գրանցված ու ապագա բոլոր օգտատերերի համար այսօրվանից հասանելի դարձրեց ամպային տեխնոլոգիայով աշխատող ապագա աշխարհը։

Google BigQuery վերլուծությունների համար օգտագործվող տվյալների խոշորագույն բազան է աշխարհում։ Google Cloud-ի տվյալների ամպային մեծամասշտաբ այս պահեստից այսուհետև կարելի է օգտվել Hexact-ի էկոհամակարգի գլխավոր՝ Hexomatic պրոդուկտի միջոցով, առանց ծրագրավորման որևէ գիտելիքի:

Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանի խոսքով՝ ընկերությունը յուրաքանչյուրի համար հասանելի է դարձնում big data-ն և արհեստական բանականությունը, ինչի շնորհիվ «սովորական» մարդը կարիք չի ունենալու ծրագրավորում իմանալու՝ ամպային տեխնոլոգիաներից օգտվելու, բարդ ավտոմատացումներ ու գործողություններ կատարելու համար։

«Այլ կերպ ասած՝ մենք ստեղծում ենք օպերացիոն համակարգ՝ հետագա տարիներին գործն ու առօրյան ավելի հեշտացնելու համար: Ծառայությունը վճարովի է, սակայն ունենք նաև անվճար փորձնական տարբերակ»,- ասաց Ասլանյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունը ծրագրեր ունի ընդլայնելու Hexomatic-ի ծառայությունների քանակը. այն վերածվում է նաև պրոդուկտների «առուվաճառքի» հարթակի (marketplace), որտեղ Hexact-ի պրոդուկտներից բացի կլինեն այլ ստարտափների գործիքներ։ Այսուհետև ցանկացած ստարտափ կամ մասնագետ կարող է իր ավտոմատացման (API) գործիքներն ինտեգրել Hexomatic-ում, վաճառել, եկամուտ ստանալ, զարգացնել բիզնեսը։

Hexact ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն էլ՝ փորձելով ավելի պատկերավոր ներկայացնել նորարարությունը, նշեց. «Պատկերացրեք, որ համացանցում առկա բոլոր տվյալները ձեր անձնական տվյալների բազայում են: Որպեսզի դա տեղի ունենա, դուք պետք է ունենաք «անձնական վիրտուալ ռոբոտ», որը կպեղի ու կբերի այդ տվյալները, որ դրանք մշակվեն՝ վերլուծվեն, թարգմանվեն, վիզուալիզացվեն և այլն: Hexact-ն իրականացրել է հենց այդ ռոբոտի ինովացիան: Եվ ամենակարևորը՝ տեխնոլոգիապես ոչ զարգացած օգտատերերը՝ ցանկացած մարդ՝ լրագրող, բժիշկ, ոստիկան, կարող է օգտվել այդ հնարավորությունից առանց հատուկ հմտություններ ունենալու»:

Ավակյանի խոսքով՝ իրենց պրոդուկտից օգտվում են տարբեր ոլորտների մասնագետներ, հատկապես` վաճառքի ոլորտի և մեդիայի:

«Մենք հավատում ենք, որ big data-ի և արհեստական բանականության օգտագործումը պետք է լինի ունիվերսալ և բոլորի համար հասանելի: Եվ այդ հասանելիությունն ապահովելու համար գոլոր գործիքները պետք է լինեն մի հարթակում և դյուրին գործածության մեջ: Մենք պատկերացնում ենք, որ մենք ապագայի ամպային աշխարհի օպերացիոն համակարգն ենք լինելու», - հավելեց Hexact-ի բիզնեսի զարգացման տնօրենը:

Hexact-ի մարքեթինգի տնօրեն Քրիս Քլոզեթի խոսքով՝ ստարտափի օգտատերերի մեծ մասն ԱՄՆ-ից է և այլ անգլալեզու երկրներից, բայց ընկերության պրոդուկտներից օգտվողներ կան նաև աշխարհի տարբեր ծայրերում և Հայաստանում:

«Մեր պրոդուկտը ունիվերսալ է, հասանելի, օգտագործման մեջ դյուրին և համապատասխանում է տարբեր շուկաների, ուստի օգտագործվում է աշխարհով մեկ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայի երկրներում և Ասիայում: Ցավոք, հայկական շուկան ավելի փոքր է, բայց մենք միայն ուրախ կլինենք ընդլայնել մեր ներկայությունն այստեղ», - ասաց Քլոզեթը:

Հատուկ միջոցառման շրջանակում Hexact-ը ներկայացրեց նաև ընկերության նոր կորպորատիվ ոճն ու ռազմավարությունը։ Տարբերանշանը մինիմալիստական վեցանկյունն (hexagon) է, որն արտացոլում է հավասարությունը, տեխնոլոգիաներն ու տվյալները։ Գաղափարն այն է, որ գլոբալ տվյալները կարող են հասանելի լինել և դրանցից օգտվելու համար ծրագրավորման գիտելիքներ ունենալը պարտադիր չէ։

Hexact-ը 2021-ը եզրափակեց 400% աճով, նոր կատարելագործված պրոդուկտով ու 160 երկրում գտնվող 40,000-ից ավելի օգտատերերով։ Այժմ ընկերությունում աշխատում է 40 մասնագետ, սակայն մինչև 2022-ի վերջ ստարտափը նախատեսում է թիմը հասցնել 100-ի։

Hexact-ի էկոհամակարգը 3 հիմնական պրոդուկտից է բաղկացած. Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար: Hexowatch-ը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին: Hexometer-ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---