Կյանքից հեռացել է 20 անգամ թենիսի Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած Ալեքսանդր Ծատուրյանը

PanARMENIAN.Net - 61 տարեկան հասակում վաղաժամ կյանքից հեռացել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ 20 անգամ Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած Ալեքսանդր Ծատուրյանը : Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունում: Ծատուրյանը վախճանվել է Բուլղարիայում, որտեղ Թենիսի Հայաստանի պատանեկան թիմը նրա ղեկավարությամբ ելույթ էր ունենում «Զարգացման մրցաշարում»:

Ալեքսանդր Ծատուրյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում թենիսի զարգացման գործում: 20 տարուց ավել եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի, Դեւիսի գավաթի թիմի մարզիչը: Աշխատել է այնպիսի շնորհալի թենիսիստների հետ, ինչպիսինն են Սարգիս Սարգսյանը, Հարություն Սոֆյանը, Աննա Գասպարյանը: Միջազգային եւ Եվրոպայի Թենիսի ֆեդերացիաների կողմից արժանացել է մի շարք մրցանակների եւ պատվոգրերի:

Ալեքսանդր Ծատուրյանը 1986-2007 թթ. եղել է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ, իսկ 2007-ից` ՀԹՖ գլխավոր քարտուղար:

Ավելի քան 20 անգամ Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած Ծատուրյանը եղել է նաեւ Եվրոպայի ֆեդերացիայի վետերանների կոմիտեի անդամ: Այս տարի ներկայացրել էր իր թեկնածությունը Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի նախագահության անդամ դառնալու համար:

Ալեքսանդր Ծատուրյանի վախճանի առնչությամբ իրենց ցավակցական նամակներ են ուղարկել Միջազգային Թենիսի Ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռիչի Բիտին եւ մի շարք երկրների թենիսի ֆեդերացիաներ:



Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 11-ին տեղի ժամանակով 18:00-ին Ավան համայնքի Սայաթ-Նովա 1/4 շրջան հասցեում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---