Մալխաս Ամոյանն ըմբշամարտի ԱԱ բրոնզե մեդալ է նվաճել

Մալխաս Ամոյանն ըմբշամարտի ԱԱ բրոնզե մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 7:1 հաշվով առավելության հասնելով սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։

Մինչ այդ Ամոյանը երկու սփոփիչ գոտեմարտ է անցկացրել, որտեղ նախ 5:2 հաշվով հաղթել է շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնին, ապա 2:2 հաշվով առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ։ Բրոնզե մեդալի համար Ամոյանը պետք է երեք սփոփիչ գոտեմարտ անցկացներ, սակայն նրա առաջին մրցակից, վրացի Լուրի Լոմաձեն հրաժարվել էր պայքարից:

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ 97 կգ քաշայինների կիսաեզրափակչում մրցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Դրանից առաջ Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է աշխարհի կրկնակի չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Մեթեհան Բասարին, իսկ քառորդ եզրափակչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ:

Մեդալ նվաճելու հնարավորությունները պահպանում է նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Նա սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, իսկ հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։

Օլիմպիական՝ 77 կգ քաշային կարգում, Ամոյանն ավելի վաղ նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն էր նվաճել:

Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչների նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---