ՔՊ-ական․ Ոչ ոք դեռ չի դատապարտել Ադրբեջանին, իսկ Թուրքիան արդեն հայտարարել է Բաքվին սատարելու մասին

ՔՊ-ական․ Ոչ ոք դեռ չի դատապարտել Ադրբեջանին, իսկ Թուրքիան արդեն հայտարարել է Բաքվին սատարելու մասին

PanARMENIAN.Net - ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, անդրադառնալով ՀՀ դեմ ադրբեջանական ագրեսիային, նշել է, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին և ՄԱԿ ԱԽ-ին և սպասում է պատասխանի, սակայն, դեռևս ոչ ոք չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները։

«Դեռևս որևէ մեկը չի դատապարտել ՀՀ դեմ Ադրբեջանի գործողությունները, սակայն Թուրքիան արդեն դատապարտել է Հայաստանին՝ Չավուշօղլուն։ Պետք է նստենք, քննարկենք՝ ում հետ ենք համագործակցում։ Ինչո՞ւ չի դատապարտվում Ադրբեջանը։ Ժողովուրդը մեզանից է դա պահանջելու։ Վստահ եմ, որ դրական ելք ենք ունենալու։ Մեր գործընկերները պետք է իմանան, որ մեր համբերությունը սահման ունի»,-ասել է նա։

Նա նշել է նաև, որ մենք պատերազմի մեջ ենք՝ չհայտարարված, սողացող պատերազմի։ Միևնույն ժամանակ Խաչատրյանը նշել է, որ մարդիկ պետք է զգան, որ անկախությունը գին ունի։

Խաչատրյանն ասել է նաև, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միջազգային ուժ չունի, այն վավերացված չէ խորհրդարանում։

«Խաղաղության պայմանագրի խնդիրը պետք է մի կողմ դնել և խոսել խաղաղ համակեցության մասին՝ հիմքում դնելով միջազգային նորմեր, օրենքներ, պայմանագրեր։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը շատ կարևոր փաստաթուղթ էր, բայց պիտի դրանից այն կողմ գնանք, պետք է ասենք, որ մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու չունենք»,-ասել է Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ պահանջ ունենք ձևավորելու միջազգային նորմերով փաստաթուղթ, որը կվերաբերի Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ համակեցությանը և, ըստ այդմ, պետք է պահանջենք միջազգային երաշխիքներ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---