Վարչապետ․ Ադրբեջանն օկուպացրել է Խծաբերդն ու Փառուխի հարակից տարածքները ռուս խաղաղապահների ներկայությամբ

Վարչապետ․ Ադրբեջանն օկուպացրել է Խծաբերդն ու Փառուխի հարակից տարածքները ռուս խաղաղապահների ներկայությամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են պահպանվում, բայց չի ասվում, թե ով և որ կողմը չի կատարում այդ կետերն ու պայմանավորվածությունները։

Նա նշել է, որ Ադրբեջանը, ռուս խաղաղապահների ներկայությամբ, Խծաբերդ գյուղի օկուպացիայի ժամանակ գերի է վերցրել 66 հայ զինվորի, նմանատիպ օկուպացիա է իրականացրել Փառուխի ուղղությամբ՝ ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։

Փաշինյանը նշել է նաև, որ եռակողմ հայտարարության կետերով հստակ սահմանվում է, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ, ԼՂ-ում շփման գիծ, Լաչինի միջանցք, որ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է խաղաղապահ զորախումբ՝ ձևավորելով խաղաղապահների պատասխանատվության գոտի, և կողմերը մնում են իրենց դիրքերում, բացառությամբ Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանների՝ համաձայն հայտարարության 2-րդ և 6-րդ կետերի:

Խախտելով այս կետերը՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի՝ ի հեճուկս փաստաթղթի, որը ստորագրել է այդ թվում` Ադրբեջանի նախագահը։

«Խախտելով հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաև կողմերի՝ իրենց զբաղեցրած դիրքերում կանգ առնելու մասին վերոնշյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն արդեն 2020 թ. դեկտեմբերին ապօրինի օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը, ինչպես նաև դրանց հարակից տարածքները։

Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա է իրականացրել նաև 2022 թ. մարտին՝ խախտելով շփման գիծը և ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ շփման գծում։

Հարկ է նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ Խծաբերդ գյուղի օկուպացիայի ժամանակ Ադրբեջանը գերի է վերցրել 66 հայ զինվորի, նույնպես ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այսինքն՝ այս երկու գործողություններն էլ տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է. «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում», Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել առնվազն 33 ռազմագերի, պատանդ և այլ պահվող անձանց։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»։

Մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Խախտելով սույն կետը՝ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։

Ադրբեջանի նախագահը մշտապես պնդում է, որ Հայաստանի տարածքով պետք է ինչ-որ միջանցք ստեղծել և Հայաստանին մեղադրում է վերը նշված կետը չկատարելու մեջ։ Ես հատուկ մեջբերեցի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որպեսզի ցույց տամ ակնհայտը՝ այնտեղ «միջանցք» բառ չկա, ոչինչ ասված չէ միջանցքի մասին։

Այս պարբերությունը, ինչպես համոզվեցիք, վերաբերում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, և միայն այս համատեքստում է նշվում տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և այս հատվածը, համապատասխանաբար, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի մաս է կազմում։

Սա ակնհայտ է նաև 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ պարբերության պարզաբանումն է, այս պարբերության իմաստը պարզաբանող փաստաթուղթ է»,-ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի խախտման վերաբերյալ Հայաստանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են։ Նա նշել է, որ այս հարցում Հայաստանը միայն մեկ պարտավորություն ունի՝ ապահովել տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ որևէ կոնկրետ երթուղի նշված չէ։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---