Ղարաբաղի հարցում ղեկավարի դեր ստանձնելու համար Մոսկվան Երեւանին դրամական միջոցներ է խոստանում, իսկ Բաքվին` զե՞նք

PanARMENIAN.Net - Երեւանում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները քննարկել են «միջազգային անվտանգության արդիական հարցերը» եւ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը: ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, օգտվելով առիթից, հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, համաձայնեցնելու համար Ռուսաստանի վարքագիծը Լեռնային Ղարաբաղի շուրջ կայանալիք հայ-ադրբեջանական գագաթնաժողովի ժամանակ եւ այդպիսով հաստատելու Մոսկվայի ղեկավար դերը հակամարտության կարգավորման հարցում: Այս նույն թեման ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայում քննարկում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, եթե Երեւանն ու Բաքուն օգտվեն Կրեմլի միջնորդական ծառայություններից, նրանց պարգեւատրում է սպասում` Հայաստանը կարող է ակնկալել շռայլ ֆինանսական աջակցություն, իսկ Ադրբեջանը` ռուսական սպառազինության առաքումներ:

Ըստ թերթի, Սերգեյ Լավրովը ստացել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը Մոսկվայում կայանալիք ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ: Նախատեսվում է, որ գագաթնաժողովը տեղի կունենա հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ: Հայկական կողմի մասնակցության հարցը վերջնական լուծում կստանա Սերժ Սարգսյանի ապրիլի 23-ին ՌԴ այցելության ժամանակ:

«Ի դեպ, Մոսկվայում, որը հավակնում է հայերի ու ադրբեջանցիների գլխավոր հաշտարարի դերը ստանձնել, արդեն այժմ չեն կասկածում, որ իրենց խաղաղապահ նախաձեռնությունը հաջողություն կունենա: Հատկապես, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը մտադիր է նյութական օգնություն ցուցաբերել Հայաստանին: ՌԴ ղեկավարությունը պատրաստ է բավարարել Երեւանի խնդրանքը դոլարային վարկի մասին: Ճիշտ է, 2 մլրդ դոլարի փոխարեն Մոսկվան մտադիր է տրամադրել ընդամենը 500 մլն դոլար»,-գրում է թերթը: Ի դեպ, ինչպես պարզաբանել է ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը, եթե դա չբավարարի, Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին միջոցներ ստանալ «հակաճգնաժամային հիմնադրամից», որը ստեղծվել է տարեսկզբին ԵվրԱզՏՀ-ի շրջանակներում (հիմնադրամի տրամադրության տակ է 10 մլրդ դոլար): Ճիշտ է, փոխարենը, Երեւանին, որն այժմ ԵվրԱզՏՀ-ում դիտորդի կարգավիճակ ունի, կարող են առաջարկել առավել սերտ ինտեգրվել այդ կառույցին:

Հավանաբար, ՌԴ նախագահը ցանկանում է զարգացնել իր հաջողությունը: Դա հատկապես կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ Ալիեւն ու Սարգսյանը մտադիր են հանդիպել մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովում, որը նվիրված կլինի ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությանը: Բառացիորեն Մոսկվան ողջունում է առաջիկա հանդիպումը Պրահայում, սակայն իրականում չի հավատում նրա արդյունավետությանը, պատրաստվելով խաղաղարարության դաս մատուցել Արեւմուտքին Սանկտ Պետերբուրգում:

«Ընդ որում եթե Հայաստանին ՌԴ-ն ֆինանսական շահույթ է խոստանում, ապա ածխաջրածիններով հարուստ Ադրբեջանի համար Կրեմլը այլ մոտցեում է գտել: Ըստ թերթի, Բաքուն վաղուց էր դիմել Ռուսաստանին սպառազինության առաքման հարցով, հատկապես հակատանկային ու զենիթահրթիռային համալիրների, տանկերի ու հրետանային սարքավորումների վերաբերյալ: Սակայն հաշվի առնելով «հայկական գործոնը», այդ հարցումները անպատասխան էին մնում: Մինչդեռ Մեդվեդեւի ու Ալիեւի այսօրվա բանակցություններում Ադրբեջանի հետաքրքրությունը ռուսական զենքի հանդեպ կարող է բավարարվել:

Ամեն դեպքում, «Ռուսպաշտպանարտահանում»-ը հասկացրել է, որ Ադրբեջանը առաջնային գործընկերների ցուցակում է ռազմատեխնիկական համագործակցության առումով: Այս կառույցը ռազմատեխնիկական համագործակցությունն ԱՊՀ բոլոր երկրների հետ առաջնային է համարում: Նրանք մեր մերձակա հարեւաններն են, այլ կերպ լինել չի կարող»,-հայտարարել է «Ռուսպաշտպանարտահանման» պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն: Ի դեպ, հնարավոր շփումների մասին Դավիդենկոն հրաժարվեց պատմել: «Հաշվի առնելով մեր հարաբերությունների նրբությունն ու այդ ոլորտի գաղտնիությունը, հիմնված երկկողմ պայմանագրերի վրա, մեկնաբանել մանրամասները որեւէ սուբյեկտի հետ, կնշանակեր խախտել այդ պայմանավորվածությունները»,-պարզաբանել է Դավիդենկոն»,-գրում է «Կոմերսանտը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---