Միրզոյանը՝ ՄԱԿ-ում․ ԼՂ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում

Միրզոյանը՝ ՄԱԿ-ում․ ԼՂ ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԱԽ «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը ելույթում, անդրադառնալով անվտանգության հարցերին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը դեռևս պետք է հասցեագրվի։

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում։

«Հայաստանն անմիջականորեն ականատեսն է եղել բազմակողմանիության հետընթացի հետևանքներին: Միջազգային հանրությունն անկարող գտնվեց կանխելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, որը հանգեցրեց հազարավոր զոհերի, վիրավորների և տեղահանման նոր ալիքի։

Բազմակողմանիության հետընթացը դրսևորվել է նաև Անվտանգության խորհրդի կողմից մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ իր պարտականությունները կատարելու անկարողությամբ։ Հակամարտող կողմերից մեկն, ըստ էության, արգելափակում է այս ձևաչափի գործունեությունը։ Ավելին, միակողմանիորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է ուժի կիրառման միջոցով, դրանով իսկ խոչընդոտելով միջազգային միջնորդական ջանքերի միջոցով հակամարտության հնարավոր կարգավորմանը

Միջազգային հանրության սահմանափակ հետաքրքրության պայմաններում մեր տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները միայն ավելացան: Հայաստանի ինքնիշխան տարածքները շարունակաբար ենթարկվում են հարձակումների: Վերջին խոշոր միջադեպը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերին, և մենք խնդրեցինք Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և այդ հարցն ուշադրության կետրոնում պահելու համար:

Ցավով պետք է արձանագրեմ, որ անվտանգային իրավիճակը որևէ էական բարելավման չի ենթարկվել։ Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Մենք շարունակաբար առերեսվում ենք Ադրբեջանի աճող ռազմական հռետորաբանությանը, որը բացահայտորեն սպառնում է մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասել է նախարարը։

Նա նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից երկու տարի անց հայ ռազմագերիների հայրենադարձության խնդիրը մնում է չլուծված, ադրբեջանական կողմը շարունակում է իր խեղաթյուրումները՝ հումանիտար խնդիրներն արհեստականորեն հակակշռելու և հայ ռազմագերիների վերադարձը սակարկության առարկա դարձնելու նպատակով, ինչը բացարձակ անընդունելի է և չպետք է հանդուրժվի միջազգային հանրության կողմից։

«Ավելին, միջազգային մարդասիրական կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ շրջանակներում գործող, դեռևս չեն կարողանում անչափ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ ըստ էության անտեսելով նրանց՝ ի հակադրություն 2030 Կայուն զարգացման օրակարգի համաշխարհային խոստմանը:

Ճակատագրի հեգնանքով է կարծես, որ ոչ միայն միջազգային մարդասիրական կազմակերպությունների, այլ նույնիսկ այնտեղ բնակվող մարդկանց մուտքն է արգելափակված Լեռնային Ղարաբաղ: Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, արգելափակել է միակ կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը՝ այդպիսով կտրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և արտաքին աշխարհից։ Մինչ մենք այս քննարկումն ենք անցկացնում, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ։ Ավելին՝ ձմռան ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը: Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։

Նման պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, որ իրենք պատրաստ են ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, և որ ոչ մի միջազգային մեխանիզմ կամ ներկայություն չի պահանջվում: Այն, ինչ հիմա ունենք, ի ցույց է դնում, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ երաշխիքները:

Ստեփանակերտի հետ իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսությունից Ադրբեջանի հրաժարվելու հետ մեկտեղ, այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։

Ելույթիս սկզբում ես ընդգծեցի հանձնառությունների կատարման կարևորությունը։ Ե՛վ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կագավորման գործընթացի, և՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Ադրբեջանը հրաժարվում է կատարել սեփական պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել նաև բազմակողմ ձևաչափերով»,-ասել է նա։

Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել է գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---