ՀՖՖ-ն դատի կտա «Փյունիկի» սեփականատիրոջը՝ «զրպարտության և սուտ մատնության համար»

ՀՖՖ-ն դատի կտա «Փյունիկի» սեփականատիրոջը՝ «զրպարտության  և սուտ մատնության համար»

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ՀՖՖ-ի և ՀՖՖ ղեկավարության հասցեին արված զրպարտության և կեղծիքի համար դատարանի միջոցով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այդ մասին ասվում է ՀՖՖ հայտարարության մեջ։

Դրանում նշվում է․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այս տարվա դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրել է կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարություններ, նաև դիմել է սուտ մատնության, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, ենթակա է քրեական պատասխանատվության»:

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հարցազրույցում հայտարարել էր, որ իրենք անվստահություն են հայտնում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում են նրա հրաժարականը` նշելով, որ առաջին հերթին պետք է փոխել «ՀՖՖ գործող, ոչ կոմպետենտ ղեկավարությանը»։

«ՀՖՖ-ն ազգային հավաքականների խաղերը վերածել է մեծ հավաքույթի, հսկայական գումարներ է ծախսում չարթերների վրա՝ իրենց մտերիմների համար, տնային հանդիպումների ՎԻՊ հրավիրատոմսեր է բաժանում իրենց ընկերներին՝ մոռանալով նրանց մասին, ովքեր իսկապես աշխատել են հայկական ֆուտբոլի փառքի համար։ Օրինակ, ՀՖՖ 30-ամյակի տոնակատարությանը, որը մեծ շուքով անցկացվեց այս ամռանը, ներկա չէին Հենրիխ Մխիթարյանը և նրա մայրը ՝ Մարինա Թաշչյանը, ովքեր հայկական ֆուտբոլի համար անհամեմատ ավելին են արել, քան գործող ֆեդերացիայի ամբողջ ղեկավարությունն ու աշխատակիցները միասին վերցրած»,-ասել է նա։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---