Ֆրանսիայի ԱԺ նախագահ․ Կլինենք ՀՀ ձայնը՝ զգուշացնելով միջազգային հանրությանը հրատապ որոշման անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի ԱԺ նախագահ․ Կլինենք ՀՀ ձայնը՝ զգուշացնելով միջազգային հանրությանը հրատապ որոշման անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Twitter-ի իր միկրոբլոգում վերահաստատել է Փարիզի աջակցությունը և նշել, որ կլինեն Հայաստանի ձայնը։

«Հարգանք Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ, Լաչինի պաշրջափակում, երկխոսության շարունակություն հանուն խաղաղության։ Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը։ Մենք կլինենք Հայաստանի ձայնը՝ շարունակելով զգուշացնել միջազգային հանրությանը հրատապ որոշման անհրաժեշտության մասին»,-ասվում է գրառման մեջ։

Յաել Բրաուն-Պիվեն Փաշինյանի հետ հանդիպմանը հիշատակել է Ազգային ժողովի և Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ընդունած հայտարարությունների ու բանաձևերի փաստը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են ակտիվորեն ուշադրության կենտրոնում պահել արցախահայության խնդիրները և հետամուտ լինել դրանց լուծմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և կարևորվել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---