Կիրակոսյան․ Եթե ՄԱԿ դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն

Կիրակոսյան․ Եթե ՄԱԿ դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն

PanARMENIAN.Net - ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ ասել է, որ եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն` թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ ու սովամահ լինել։

«Ադրբեջանի նախագահը պահանջել է, որ ԼՂ հայերը մեկնեն այնտեղից»,–ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը և ոչ մի կերպ այն բացելու քայլեր չի անում` գրեթե միաձայն միջազգային դատապարտման լույսի ներքո։

«Թեթև սրտով չենք եկել այստեղ։ Այս հարցերը պետք է վաղուց լուծված լինեին ՄԱԿ–ի ԱԽ միջամտությամբ 2022-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ Սակայն Ադրբեջանը կարծես հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու իր մտադրության մեջ։ ԼՂ–ում մեկ անձ արդեն իսկ մահացել է բուժօգնության բացակայությունից` շատերը կարող են նման ռիսկի առաջ կանգնել։ Մթերային խանութները դատարկ են, սնունդը կտրոններով են բաժանում, դեղերի պակասորդ կա, մի շարք ձեռնարկություններ դադարեցրել են իրենց գործունեությունը»,–ասել է նա։

Կիրակոսյանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը գազը քանիցս ամբողջովին կտրել է, իսկ էլցանցի ծանրաբեռնվածությունն անջատումների է հանգեցնում։ Բացի այդ, ԼՂ–ում դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից։

Նա շեշտել է, որ, ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի, Ադրբեջանը փորձում է արդարացնել ու երկարաձգել շրջափակումը` բնապահպանական կեղծ թեզերի անվան տակ։ Մինչդեռ, Ադրբեջանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավոր է ապահովել քաղաքացիների ու բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Կիրակոսյանը նշել է նաև, որ ԵՄ–ն, ԵԽ–ն, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և մի շարք այլ պետություներ արդեն իսկ դատապարտել են Ադրբեջանի քայլերը։ Ավելին, մեկ ամիս առաջ ՄԻԵԴ–ը որոշում է հրապարակել` պահանջելով Ադրբեջանից բացել ճանապարհը ծանր հիվանդների ու ճանապարհներին մնացած մարդկանց համար։ Սակայն Ադրբեջանն այս որոշումն էլ է անտեսել։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---