Հրանտ Դինքին Օգյուն Սամա՞ստը չի սպանել

PanARMENIAN.Net - «Ակոս» հայ-թուրքական թերթի խմաբգիր Հրանտ Դինքին Օգյուն Սամաստը չի սպանել: Այդ մասին հայտարարել են հինգ վկաներ միմյանցից անկախ: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman-ը, վկա Վոլկան Էրիոլը, որին կանչել են Ստամբուլի 14-րդ շրջանի դատարան, հայտարարել է, որ բանտախցում Էրտոգրուլ Բալչի անունով բանտարկյալից լսել է, թե Դինքին բոլորովին այլ մարդ է սպանել, այլ ոչ թե Օգյուն Սամաստը:



Մեկ այլ վկա Շինասի Շենթյուրքը վկայություն է տվել դատարանում, որ նա մանրամասներ է լսել Բալչիից: «Բալչին ասել է նաեւ, որ գիտի իսկական մարդասպանի անունը»,-ասել է նա:



Դինքի ընտանիքի փաստաբանները նախկինում հայտարարում էին, որ իրենք կասկածում են երկրորդ մարդուն, որը Սամաստի հետ է եղել մահափորձի օրը: Նրա անունը Վելի Հալիս Չելիկ է եւ նա Բալչիի հետ միասին Ստամբուլի ոստիկանության նախկին պետի որդին է: Եվս մեկ վկա Գուրեկն ասել է, որ Սամաստն օգտագործվել է որպես «գործիք» այս հանցագործության մեջ:



Today's Zaman-ը նշում է նաեւ, որ Հրանտ Դինքի ընտանիքը հինգ փաստաբանների է հրավիրել Ֆրանսիայից գործընթացին հետեւելու համար: Ընդգծվում է, որ փաստաբաններն իրենք իրենց են ներկայացնում, այլ ոչ թե Փարիզի փաստաբանների ասոցիացիան:



Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում իր թերթի խմբագրության մոտ 2007թ. հունվարի 19-ին: Համարվում է, որ նրան սպանել է ազգայնական Օգյուն Սամաստը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---