Հայաստանը ողջունում է ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարին ուղղված ջանքերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Ժնեւում մեկնարկեց Դուրբանի վերանայման համաժողովը, որին մասնակցում են Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունները:Համաժողովի նպատակն է 2001 թվականին Դուրբանում (Հարավային Աֆրիկա) կայացած ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի եւ դրանց հետ կապված անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի ընթացքում ընդունված հայտարարության եւ գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների եւ արձանագրված առաջընթացի քննարկումը:

Համաժողովին մասնակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, որն իր ելույթում անդրադառնալով ռասիզմի եւ ռասայական խտրականության դեմ պայքարին, ընդգծեց հատկապես էթնիկ, մշակութային, կրոնական փոքրամասնությունների, որպես առավել խոցելի խմբերի նկատմամբ խտրկանության բացառման անհրաժեշտությունը, ատելության քարոզչության անթույլատրելիությունը: Պարոն Կիրակոսյանը նշեց, որ ռասայական խտրականության ծայրահեղ դրսեւորում է ցեղասպանությունը, որի 94-րդ տարելիցը աշխարհի բոլոր հայերը նշում են համաժողովի օրերին: Ցեղասպանության ժխտումը, անպատժելիությունը, միջազգային հանրության կողմից անտարբերությունը եւ լռությունը նպաստում են մարդկության դեմ ուղղված այս ամենասարսափելի հանցագործության կատարմանը: Հայաստանը ողջունում է ցեղասպանության հանցագործության կանխմանը եւ ժխտողականության եւ խտրականության քաղաքականության դեմ պայքարին ուղղված բոլոր ջանքերը:



Համաժողովի ընթացքում նախատեսվում է ընդունել Դուրբանի հայտարարության եւ գործողությունների ծրագրի իրականացման գնահատման եւ առաջընթացի փաստաթուղթը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---