Միրզոյանը Ռումինիայի վարչապետին է ներկայացրել Հրվ. Կովկասում անվտանգային իրավիճակը

Միրզոյանը Ռումինիայի վարչապետին է ներկայացրել Հրվ. Կովկասում անվտանգային իրավիճակը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկային է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը:

Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այլ դրույթների կոպտագույն խախտումները, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ արգրեսիաներն ու առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը:

Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը և բոլոր խնդիրները խաղաղության գործընթացի միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ գոհունակությամբ նշելով, որ երկար ընդմիջումից հետո ԱԳ նախարարի մակարդակով կազմակերպված պաշտոնական այցը կարող է այդ ուղղությամբ կարևոր խթան հանդիսանալ: Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Հայաստան-Ռումինիա միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևաչափը:

Մտքեր են փոխանակվել ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակության շուրջ: Բարձր է գնահատվել ինչպես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և զարգացման օրակարգին ԵՄ աջակցությունը, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին առաքելության իրագործմանն աջակցություն ցուցաբերելու համար։

Միրզոյանը Ռումինիայի Սենատի գործող նախագահ Ալինա-Շտեֆանիա Գորգիուի հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման, միջանցքի արգելափակման՝ առանց նախապայմանների վերացման, ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության կանխման հրամայականը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---