Երևանում Մարսի ուսումնասիրությունների նմանակման հուշագիր է ստորագրվել

Երևանում Մարսի ուսումնասիրությունների նմանակման հուշագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Երևանում հուշագիր է ստորագրվել Մարսի անալոգային ուսումնասիրությունների անցկացման մասին: Հուշագիրը ստորագրել են Հայաստանի օդատիեզերական գործակալության ղեկավար Մհեր Մեհրաբյանն ու Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրոմերը։

Գերնոտ Գրոմերի խոսքով` մեկ տարի անց Հայաստանը կհայտնվի Մարսի ուսումնասիրությունների էպիկենտրոնում։ Դա ժամանակակից, բարդ ու միջազգային սիմուլյացիա կլինի։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա նախագծին նորարարական մշակումների ներգրավման տեսանկյունից, գրում է Sputnik Արմենիան։

«20 երկրների ներկայացուցիչներ ուզում են միանալ ուսումնասիրություններին», – ասել է Գրոմերը։

Նա նշել է, որ նախնական գնահատականներով, առաջին իրական առաքելությունը Մարս կուղարկվի 20-30 տարվա ընթացքում։

«Առաջին առաքելության անդամներն արդեն ծնվել են Նյու Յորքում, Պեկինում կամ, գուցե, Երևանում, սակայն այդ մասին դեռ չգիտեն», – նշել է ավստրիացի գիտնականը։

Գրոմերը հայտնել է նաև, որ առաքելությունից հետո Հայաստանի տարբեր քաղաքներում մի շարք դասախոսություններ կանցկացվեն, որոնց ընթացքում կներկայացվեն դրա մանրամասները։

Օդատիեզերական գործակալության ղեկավար Մհեր Մեհրաբյանը իր հերթին նշել է, որ ուսումնասիրությունների անցկացման երկրի ընտրությունը դժվար տրվեց։ Հայաստանի համար սա մեծ քայլ է։

«Բոլորս այստեղ ենք հանուն երազանքի` նվաճել տիեզերքը, այն նոր տուն դարձնել։ Եվ դա շատ մեծ քայլ է այդ ուղղությամբ», – ասել է Մեհրաբյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում 2024 թվականի մարտին Մարսի հետազոտությունների սիմուլյացիա կանցկացվի։ Մարսի վրա առաջին մարդկանց ապագա վայրէջքից առաջ սարքավորումներն ու տեխնիկական համակարգերը համապարփակ փորձարկումներ կանցնեն Երկիր մոլորակի վրա: Առաքելությունների ժամանակ թեստավորվում են նյութերը, վերլուծվում և բացահայտվում են համակարգի թերությունները։ Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռոտ սարահարթի վրա, որը Կարմիր մոլորակի երկրաբանական նմանակն է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---