ԱՀՀ-ն հիասթափված է Բարաք Օբամայի հայտարարությունից

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Հրայր Հովնանյանը բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ իր խորը հիասթափությունն է հայտնել այն կապակցությամբ, որ նախագահը չարտասանեց Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ԱՀՀ-ում:



Նամակում, մասնավորապես, ասվում է.«Ձեր օգտագործված արտահայտությունը համարժեք չէ «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությանը»: Ձեր հայտարարությունը նահանջ է այն խոստումներից, որոնք դուք տվել եք նախընտրական արշավի ժամանակ»: Դիմելով նախագահին, Հրայր Հովնանյանն ընդգծել է, որ ողջ աշխարհի հայությունը ոգեւորված էր Բ.Օբամայի հստակ դիրքորոշմամբ` ճանաչել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում: «Սակայն, չնայած այն հավաստիացումներին, որ ձեր տեսակետը 1915թ. իրադարձությունների վերաբերյալ չի փոխվել, դուք տեղի տվեցիք Թուրքիայի պահանջներին եւ ձեռնպահ մնացիք «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունից»,-գրում է նամակում Հ.Հովնանյանը:



ԱՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, նրանք մանրամասն քննարկել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության ընդլյանման հարցերը:



Հ.Հովնանյանը դիմել է ԱՄՆ նախագահին հանդիպման խնդրանքով` քննարկելու համար հայ համայնքի եւ հայ-ամերիկյան հարաբերությունների խնդիրները: Նամակում նաեւ ասվում է, որ արդեն 107 կոնգրեսական է հավանություն տալիս Կոնգրեսում ներկայացած 252 բանաձեւին: Հովնանյանը հույս է հայտնել, որ բանաձեւը կընդունվի Կոնգրեսում եւ կստանա Բարաք Օբամայի վարչակազմի աջակցությունը:



«Այժմ Թուրքիան ու Հայաստանը լուրջ բանակցություններ են վարում երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ: Ենթադրվում է, որ այս գործընթացն անցնում է առանց նախապայմանների եւ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որ այն չկապվի Հայոց ցեղասպանության հարցի հետ»,-ասվում է նամակում:



Հ.Հովնանյանն ընդգծել է, որ ցանկացած համաձայնագիր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետք է հիմնվի Անկարայի կողմից շրջափակման վերացման եւ սահմանի բացման վրա: «Ես հավաստիացնում եմ, որ ԱՀՀ-ն միշտ կսատարի Ամերիկայի արժեքներին ու շահերին: Մեր առաքելությունն է նպաստել բարեկամության զարգացմանը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ»,-հայտարարել է Հովնանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---