Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ անում է ԼՂՀ-ում սպորտի զարգացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն առաջացրել է Ադրբեջանի «դժգոհությունը»:Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանն արձագանքել Ադրբեջանի ԱՕԿ փոխնախագահի հայտարարությանը, Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը պատասխանել է, որ Ծառուկյանը հավատում է ԼՂ ապագային եւ անում է ամեն հնարավոր բան, որպեսզի հայությունը բարգավաճի նաեւ Արցախում:



«Հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցի խորհրդարանական քննարկումների ժամանակ Ծառուկյանը հայտարարել է, որ եթե ինքը միլիոնավոր դոլարներ է ներդնում Լեռնային Ղարաբաղում, ապա դա նշանակում է, որ նա հավատում է ԼՂ հարցում զիջումների անընդունելիությանը»,- ընդգծել է Խաչիկ Գալստյանը: Նրա խոսքերով, Ծառուկյանը մեծ ծրագրեր ունի ԼՂ-ում սպորտի զարգացման հետ կապված. «Որպեսզի հայերն Արցախից ունենան ոչ միայն գերազանց երգիչներ, այլեւ օլիմպիական չեմպիոններ»:



Ադրբեջանի ԱՕԿ փոխնախագահ Հազար Իսաեւը, մեկնաբանելով Հայաստանի ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ, հայտարարել է. «Ես չեմ հասկանում, թե ինչպես է Ծառուկյանը պաշտոնական այց կատարում Ստեփանակերտ եւ բանակցություններ վարում սպորտդպրոց կառուցելու վերաբերյալ, որտեղ հայերն ուզում են աճեցնել օլիմպիական չեմպիոններ: Դա չի համապատասխանում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայկական կողմի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը ոչ մի կապ չունի ԼՂՀ հետ, այդ դեպքում ինչպե՞ս են նրանք ներդրումներ կատարում Ստեփանակերտի սպորտում եւ ուզում են զարգացնել օլիմպիական շարժումն այդ տարածաշրջանում»,- մեջբերում է Իսաեւին Azerisport-ը:



Ապրիլի սկզբին Հայաստանի ԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ կատարած այցի ժամանակ նոր սպորտդպրոցի կառուցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերել: «Այդ դպրոցը մեր մարզիկների դարբնոցը կդառնա, որտեղից կարելի կլինի ընտրել օլիմպիական խաղերի մասնակիցների»,- ասել է Ծառուկյանը Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---