Փաշինյան. Բանակցային գործընթացում երբեք չի եղել մի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծում

Փաշինյան. Բանակցային գործընթացում երբեք չի եղել մի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծում։

«Մադրիդյան սկզբունքներից սկսած բոլոր տարբերակները, որոնք եղել են սեղանին, ենթադրել են Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծում: Այսինքն չի եղել մի թուղթ, որը ստորագրվելուց հետո համարվեր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է»,–ասել է նա։

Ըստ Փաշինյանի, միայն մեկ այդպիսի տարբերակ է եղել, 1999-ին, երբ առաջարկվում էր Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի փոխանակում իրականացնել։

«Դրանով կարելի էր փակել հարցը։ Սա միակ տարբերակն է եղել, մնացած տարբերակներում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում չկար և սա ինչ-որ առումով հատուկ էր արված, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը որպես մահակ միշտ հնարավոր լինի պահել ՀՀ գլխին», - ասել է նա։

Վարչապետն անդրադարձել է նաև բանակցությունների ներկա փուլին՝ նշելով, որ բանակցությունները ձգձգվեցին, քանի որ Արդբեջանը 4 անգամ հրաժարվել է հանդիպումներից։

«Այս պահի դրությամբ Հայաստանը առցանց ձևափափով Ադրբեջանին է փոխանցել իր առաջարկությունները, սպասում ենք պատասխանի»,- ասել է Փաշինյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---