Միրզոյանը ՌԴ գործընկերներին հորդորել է ՀՀ-ին անհիմն մեղադրանքներ չվերագրել

Միրզոյանը ՌԴ գործընկերներին հորդորել է ՀՀ-ին անհիմն մեղադրանքներ չվերագրել

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուսաստանցի գործընկերներին հորդորում է ժամանակագրական հաջորդականությունը ճիշտ վերարտադրել և հայկական կողմին չվերագրել մեղադրանքներ, որոնցում Հայաստանը մեղավորություն չունի:

Միրզոյանն այդ մասին ասել է ասուլիսում՝ անդրադառնալով Ռուսաստանից հնչող մեղադրանքին, թե Լեռնային Ղարաբաղի հարցը, այդ թվում՝ կարգավիճակի, փակվել է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրել է հայտարարություն՝ Ալմաթիի հռչակագրին համապատասխան, հայտնում է Արմենպրեսը։

Միրզոյանն ասել է, որ այդ պնդումն իր ռուսաստանցի գործընկերոջ կողմից եղել է և իր հետ հանդիպումների ընթացքում, և հրապարակային կերպով:

Հայաստանի ԱԳ նախարարը վերաշարադրել է դեպքերի ճիշտ հաջորդականությունը.

«2022 թվականի օգոստոս. ռուսական կողմը ներկայացնում է առաջարկներ, որոնցում կար նաև հետևյալը, որ ԼՂ կարգավիճակի որոշումը հետաձգվում է անորոշ ժամանակով: 2022-ի օգոստոսի վերջ. հայաստանյան կողմը հայտնում է իր համաձայնությունը՝ ռուսական կողմի այս առաջարկներով բանակցությունները շարունակելու: 2022 թվականի օգոստոսի վերջ կամ սեպտեմբերի սկիզբ. ադրբեջանական կողմը հայտնում է իր անհամաձայնությունը ռուսական բոլոր առաջարկների առնչությամբ: 2022թ սեպտեմբեր. ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում է սկսում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք: Հայաստանյան կողմը, վերհիշելով իր երկկողմ դաշնակցային փոխադարձ պարտավորությունները ՌԴ-ի հետ, այդ թվում նաև բազմակողմ՝ օրինակ` ՀԱՊԿ շրջանակում ունեցած փոխադարձ պարտավորությունները միմյանց տարածքային ամբողջականության և սահմանները պաշտպանելու համատեքստում, դիմում է իր ռուսաստանցի գործընկերներին, որտեղից մեծ հաշվով ստանում է հետևյալ պատասխանը՝ ՀՀ-ի առնվազն այդ հատվածում ունեցած սահմանագծերը բավականաչափ հստակ չեն, հետևաբար՝ ռուսաստանյան կողմը դժվարանում է գնահատել, թե որքանով են խախտվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանները: Որից հետո 2022 թ. հոկտեմբերի 6. Հայաստանը Պրահայում Ֆրանսիայի նախագահի, ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում ընդունում է քառակողմ հայտարարություն, որտեղ նշվում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումը պետք է ընթանա 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որտեղ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որը համընկնում է նախկին երկու խորհրդային հանրապետությունների միջև եղած վարչական սահմանին»,–ասել է նա։

Այսպիսով, ըստ Միրզոյանի, օգոստոսին եղել են ռուսական առաջարկներ՝ ԼՂ-ի կարգավիճակի հետաձգման վերաբերյալ, որին հաջորդել է Հայաստանի համաձայնությունն ու Ադրբեջանի անհամաձայնությունը, այնուհետև հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ռուսաստանյան կողմից այս փաստի ճշգրիտ արձանագրման բացակայություն, որից հետո ՀՀ-ի համար այդ սահմանագծի նշման անհրաժեշտություն և սահմանի գծի ու դրա հիմքերի վերաբերյալ քառակողմ հիշատակում Պրահայում:

«Ուզում եմ հորդորել իմ ռուսաստանցի գործընկերներին պատճառահետևանքային կապերն ու ժամանակագրական հաջորդականությունը ճիշտ վերարտադրել և հայկական կողմին առնվազն չվերագրել մեղադրանքներ, որոնցում հայկական կողմը որևէ մեղավորություն չունի»,-ասել է ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ եղել է ճիշտ հակառակը, եղել են ակնկալված ու ենթադրվելիք գործողություններ այլոց կողմից, և այդ գործողության բացակայության պայմաններում ՀՀ-ի կողմից եղել է կոնկրետ քայլերի ձեռնարկում՝ այդ թվում Պրահայի հայտարարության տեսքով:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե առաջընթացի բացակայությունը ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ, որին «խորհուրդներ է բաժանում Արևմուտքը»։ Նա նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Պատկերացրեք մեր զարմանքը, երբ 2022 թվականի աշնանը Մակրոնը Պրահայում անցկացրեց եվրոպական քաղաքական հանրության համաժողովը... և հանդիպման ժամանակ նրանք հաստատեցին մի փաստաթուղթ, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համաձայն Ալմաթիի հռչակագրի: Սա նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես ինքնավար մարզ Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Մենք չգիտեինք, որ նման հայտարարություն է պատրաստվում, և երբ դա արվեց, արեցինք մեր եզրակացությունը, որ հաղորդեցինք Բաքվում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակվել է, փակվել անձամբ Հայաստանի վարչապետի կողմից»,-ասել էր Լավրովը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---