Միրզոյանը հաստատել է՝ Ադրբեջանը խնդիր է տեսնում Անկախության հռչակագրի մեջ

Միրզոյանը հաստատել է՝ Ադրբեջանը խնդիր է տեսնում Անկախության հռչակագրի մեջ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ, հայտնում է «Ազատությունը»։

«Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո, իրենք համարել են, որ դա խնդիր է, և իրավական հարցեր են ներկայացրել։ Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները», - ասել է նախարարը։

Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։ Հունվարի 23–ի ասուլիսում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել էր երկու երկրների սահմանադրություններում առկա իրավական խնդիրներից։

Նա շեշտել է, որ խաղաղության պայմանագրի նախագծում, որը մինչև այս պահը փոխանակվել է Երևանի և Բաքվի միջև, որևէ դրույթ սահմանադրական փոփոխությունների մասին չկա։

«Ընդհանուր խաղաղության գործընթացի համար երկու կողմերն էլ մյուսների դաշտում նկատել են իրավական խնդիրներ և տեղեկացրել են այդ մասին, երկուսն էլ համապատասխանաբար տվել են պարզաբանումներ։ Այդպիսի քննարկումներ դեռ վստահաբար կլինեն», - նշել է Միրզոյանը։

Նա շեշտել է ևս մեկ անգամ, որ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրության մշակումը տարիներ առաջ են դեռ սկսել։

Նա նաև նշել է, որ Սահմանադրությունը ՀՀ ներքին հարաբերությունների կազմակերպման սկզբունքներն է ֆիքսում, բայց կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային կամ Հայաստան-աշխարհ հարաբերությունների վրա ևս։

«Ես այդ ազդեցությունն ու այդ հարաբերությունը չեմ ժխտում, բայց ուզում եմ ասել, որ այդպիսի պահանջ կամ տեքստ, նախագիծ, ոչինչ չկա խաղաղության պայմանագրում», - վստահեցրել է նա։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետն էր հայտարարել, որ Հայաստանը պետք է ունենա նոր Սահմանադրություն, որը երկիրն ավելի մրցունակ ու կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---