Փաշինյանն ու Խարազին Հրվ. Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր են քննարկել

Փաշինյանն ու Խարազին Հրվ. Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին Երևանում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները տվյալ հարցի շուրջ:

Վարչապետը կարևորել է Խարազիի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի հետ պայմանավորվել են հետևողական քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ջերմությամբ է հիշում ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ հանդիպումը և խնդրել նրան փոխանցել իր ջերմ ողջույնները:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր: Դրանք վերաբերել են քաղաքական, տնտեսական կապերին, էներգետիկայի, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում փոխգործակցությանը և համատեղ նախագծերի իրականացմանը:

Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վարչապետը կարևորել է ԻԻՀ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:

Հունվարի 29-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ՝ քննարկվել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին: Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնամխելիության և ինքնիշխանության աներկբա հարգման հրամայականը՝ նաև որպես տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովման առհավատչյա։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---