Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն: Ամոյանը Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7։0 հաշվով վստահ առավելության է հասել աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել իտալացի Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 3:2 հաշվով առավելության է հասել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2։1 հաշվով ուժեղ է գտնվել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուից։

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի առաջին մեդալը նվաճել է 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խաչատրյանը մրցել է բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տարել։

Երիտասարդ Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 13:5 հաշվով կամային հաղթանակ է տարել Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն Խաչատրյանն ուժերն է չափել Մոլդովայի ներկայացուցիչ Արտյոմ Դիլյանուի հետ և 2:2 հաշվով զիջել մրցակցին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---