Փաշինյանի խոսնակը՝ Ալիևին․ ՀՀ օրենսդրությունը Հայաստանի ներքին գործն է

Փաշինյանի խոսնակը՝ Ալիևին․ ՀՀ օրենսդրությունը Հայաստանի ներքին գործն է

PanARMENIAN.Net - Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հայտնելով, որ լիազորված է պատասխանել պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների, նշել է, որ ՀՀ օրենսդրությունը Հայաստանի ներքին գործն է։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել ՀՀ 31 գյուղի կենսական տարածքները։

«Ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների` լիազորված եմ հայտարարել. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին:

Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքները Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին:

Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:

Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի Հանրապետության 31 գյուղերի կենսական տարածքները:

Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է:

Հայաստանը շարունակելու է խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերը և Ադրբեջանին կրկին առաջարկում է զորքերի ետքաշում 1991 թվականի սահմանագծի նկատմամբ, ինչը տարածաշրջանում կայունության ու փոխադարձ վստահության անկյունաքարային քայլ կլինի:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար:

Կրկնում ենք` Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, և պաշտոնական Բաքվից հնչող հայտ արարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի երդմնակալության արարողությունն էր փետրվարի 14–ին, կրկին սպառնալիքներ է հնչեցրել է Հայաստանի հասցեին։ Մասնավորապես, նա ասել է, թե «եթե Հայաստանը կարգի չբերի իր օրենսդրությունը, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»։

Նա ասել է, թե հայկական կողմը պետք է «կատարի իր ստանձնած բոլոր պարտավորությունները», և, որ որքան էլ հովանավորներ ունենա Հայաստանը, «ոչ ոք Ադրբեջանին չի կարող կանգնեցնել»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---