Միրզոյան․ Ոչ ոք չի կարող մուտք գործել ՀՀ և դուրս գալ առանց պատշաճ գրանցման

Միրզոյան․ Ոչ ոք չի կարող մուտք գործել ՀՀ և դուրս գալ առանց պատշաճ գրանցման

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին շրջանակներում թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև առևտրային միջանցքի մասին հարցին,մ ասել է, որ ՀՀ–ն պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային տարանցիկ ուղիների, սակայն, «ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց պատշաճ գրանցման»։

«Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես նաև մեր մտադրությունները, պատրաստվածությունը լավագույնս ներկայացնելու նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն իրականացվելու պարագայում տնտեսական առավելություններ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանից անդին, և ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական. իրականացվելու պարագայում այն կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղությանը նպաստող նշանակալի գործոն, քանի որ առևտուրը, փոխկապակցվածությունն իրենց հետ բերում են որոշակի կայունություն, խաղաղություն։ Սա է մեր մտադրությունը։

Այս նախաձեռնությունը մենք շարունակում ենք ներկայացնել մեր բոլոր հնարավոր գործընկերներին։ Դրա հիմքում դրված գաղափարն այն է, որ Ադրբեջանից բեռները, անձինք կարող են հատել, անցնել ՀՀ սահմանը և մուտք գործել Նախիջևանի տարածք, և նույնը պետք է գործի ՀՀ քաղաքացիների համար»,–ասել է նա։

Միրզոյանը հավելել է, որ կա չորս կարևոր պայման, որոնք թույլ կտան գործընթացը պատշաճորեն իրականացնել։

«Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։

Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի ուժեր տեղակայվեն, օր.՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով։ Նրանց ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։

Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը, մենք կարող ենք դյուրացնել ընթացակարգերը, ժամանակակից, նորարար տեխնոլոգիաներն այդ հարցում կարող են օգտակար լինել, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց պատշաճ գրանցման»,–ասել է Միրզոյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---