Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, բայց տեսնում է ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու հնարավորություն

Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, բայց տեսնում է ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելու հնարավորություն

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, անդրադառնալով հայ–ադրբեջանական կարգավորմանը, ասել է, որ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, հետևաբար, չի կարող առաջարկություններ դնել բանակցությունների սեղանին, սակայն, տեսնում է, որ հնարավորություն կա համաձայնության հասնելու՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցվել են։ Այդ մասին Ստոլտենբերգը խոսել է Factor TV-ին տված հարցազրույցում։

«Խաղաղությունը չափազանց կարևոր է։ Հարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր է՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ ավելի լայն տարածաշրջանի համար։ Եվրոպայի համար, ընդհանուր առմամբ, սա ազգային անվտանգության հարց է։ Ես վստահ եմ, որ դուք հիմա ավելի մոտ եք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ։

Բայց կան խնդիրներ, խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, հարցեր, որ անհրաժեշտ է լուծել։ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, հետևաբար, ես չեմ կարող առաջարկություններ դնել բանակցությունների սեղանին, բայց շատ ուշադրությամբ վերլուծել եմ այն ամենը, ինչ լսել եմ Հայաստանից և Ադրբեջանից։ Հասկանում եմ, որ դեռ տարբերություններ կան, բայց նաև հնարավորություն կա համաձայնության հասնել՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցվել են։ Սա ընդգրկում է նաև լիարժեք հարգանքը տարածքային ամբողջականության նկատմամբ՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել։ Մասնավորապես, երբ սկսվել էին այս քննարկումները և բանակցությունները նաև Պրահայում, իհարկե՝ նաև հաշվի առնելով ՆԱՏՕ-ի այնպիսի գործընկերներին, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն։ Այսինքն, ՆԱՏՕ-ն իր դաշնակիցներով ներգրավված է այս գործընթացում, խաղաղ համաձայնագրի բանակցման շրջանակում, ինչը օգուտ կբերի և Հայաստանին, և Ադրբեջանին»,–ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հարավային Կովկասում էր տարածաշրջանային այցով։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նախ այցելել է Ադրբեջան, երեկ Վրաստանում էր, իսկ այսօր այցելել է Հայաստան։ Բավքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնել կայուն խաղաղության։ Ալիևի հետ Ստոլտենբերգը քննարկել է Ադրբեջանի և դաշինքի համագործակցությունը, էներգետիկայի թեման:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---