Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար

Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ապրիլի 28–ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:

Զրուցակիցներն ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում: Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաև նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, և հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել:

Քննարկվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն արտահայտում է 2023 թ. հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր պայմանավորվածություններն առ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքով: Այս պայմանավորվածություններն արտահայտված են նախագահ Միշելի՝ վերոնշյալ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում:

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Այժմ տեղադրված է 28 սյուն՝ դա աշխատանքի 35 տոկոսն է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---